Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդում է տվել Թուրքիայի նախագահի պաշտոնում (թարմացված)

15:28 • 28.08.14

15.42 Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդում է տվել Թուրքիայի նախագահի պաշտոնում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

 

Մոտենալով ամբիոնին` Էրդողանն արտասանել է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված երդման տեքստը: Արարողությունից հետո Թուրքիայի նահանգներում 101 կրակոց է հնչել:

 


Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա Չանքայա պալատում երդում է տալու նախագահի պաշտոնում:

 

Արարողությանը ներկա են ինը տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Առնվազն տասնհինգ երկիր ներկայացված է ամենաբարձր՝ նախագահների կամ վարչապետների մակարդակում: Այդ թվում՝ Ալբանիան, Բենինը, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Եթովպիան, Կատարը, Ղազախստանը, Հյուսիսային Կիպրոսը, Կոսովոն, Մակեդոնիան, Մոլդովան, Սոմալին, Տոգոն, Թուրքմենստանը: Նշվում է, որ արարողությանը ներկա չէ և ոչ մի արևմտյան բարձրաստիճան ղեկավար:

 

Քառասուն երկիր ներկայացված է տարբեր նախարարների մակարդակով: Հայաստանը ևս արարողությանը ներկայացված է արտգործնախարարության մակարդակով՝ ի դեմս Էդվարդ Նալբանդյանի: Վերջինիս Hurriyet-ն «անակնկալ հյուր» է որակում: Արտգործնախարարի մակարդակով արարողությանը ներկա է նաև Իրանը:

 

Հայտնի է, որ ԱՄՆ-ն ներկայացված է անհավանական ցածր՝ ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի մակարդակով:

 

Hurriyet-ը հայտնում է, որ արարողությունը բոյկոտել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս առնչությամբ աղբյուրը արարողությունը «լարված» է անվանում:

 

Հայտնի է դարձել, որ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ արարողությունից անմիջապես հետո Անկարայից կմեկնի Ստամբուլ, որտեղ պատրաստվում է բնակվել:

 

Վերջին պահին այս արարողությանն իրենց մասնակցությունը չեղյալ են համարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Երկու դեպքում էլ պատճառը երկրների ներքին դրությունն է:

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ էր ընտրվել օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում: