Որքան 1-ին դասարանցիներ ունեն սահմանամերձ գյուղերը, և դպրոցներում ինչ խնդիրներ կան
Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի գյուղապետերից Tert.am-ը հետաքրքրվեց, թե այս տարի քանի առաջին դասարանցի ունեն: Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ առաջին դասարանցիների թիվը 4-ն է, թեև անցած տարի 7 առաջին դասարանցի է եղել: «Մեր գյուղը փոքր է, և այդ թիվը նորմալ է»,- ասաց նա և վստահեցրեց, որ ուսումնական գործընթացը նորմալ ընթանում է, և դպրոցի պայմաններն էլ նորմալ են:
Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնեց, որ այս տարի ունեն 11 առաջին դասարանցի` նախորդ տարվա 10-ի փոխարեն: Նա նշեց, որ դպրոցը ջեռուցման, վերանորոգման կարիք ունի: Գյուղապետն ասաց, որ թեև այդ ուղղությամբ աշխատանքներ կկատարվեն, սակայն երևի ոչ այս տարի:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղն այս տարի էլ նախորդ տարվա նման, 6 առաջին դասարանցի ունի: Այս մասին ասաց գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նա նշեց, որ դպրոցը վերանորոգման, գույքի կարիք ունի, թեև ջեռուցման հարցը լուծված է: Նա տեղյակ չէր, թե այս տարվա ծրագրով նախատեսված է լուծվել վերանորոգման կամ գույքի հարցերը, թե՝ ոչ:
Մովսես գյուղի գյուղապետը հայտնեց, որ իրենց գյուղում այս տարի առաջին դասարանցիների թիվն աճել է`երկուսով: Այս տարի նրանք ունեն 10 առաջին դասարանցի:
Նա հայտնեց, որ դպրոցի պայմանները նորմալ են, ջեռուցման հարցը լուծված է, և միայն դահլիճը վերանորոգման կարիք ուներ, ինչն էլ արվում է:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ թեև ամեն տարի առաջին դասարանցիների թվի աճ են ունեցել, սակայն այս տարի այն կտրուկ նվազել է և դարձել է 10:
Գյուղապետն ասաց, որ դպրոցը վերանորոգման, ջեռուցման, պատուհանների, գույքի խնդիրներ ունի, որոնց լուծումը այս տարվա ծրագրում նախատեսված չէ: «Դա մեզանից կախված չէ, Կառավարության ֆինանսների հետ է կապված»,- ասաց նա:










