Գյումրիի հրապարակը՝ տաքսիների վճարովի կանգառ. նախկին քաղաքապետը 99 տարով վարձով է տվել տարածքը

20:37 • 28.08.14

Գյումրիի «Շիրակ կենտրոնը» ահազանգում է, որ Գյումրիի կենտրոնական հրապարակը ծառայում է որպես տաքսիների վճարովի կանգառ: Ինչպես Tert.am-ին փոխանցեց կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի կենտրոնական մասը և հրապարակի մայթեզրերը երկարաժամկետ վարձակալությամբ` 99 տարով,  ինչ-որ կազմակերպության է տվել:


«Փաստորեն այդ կազմակերպությունն էլ քաղաքի կենտրոնական մասերը վարձակալության է տալիս տաքսի ծառայություններին»,-ասաց նա՝ նշելով, որ Գյումրիում ավտոկանգառների սպասարկումն ամենավատ ձևով է կազմակերպվում:


Վահան Թումասյանը նաև տեղեկացրեց, որ նոր քաղաքապետը այդ կազմակերպությանը դատի է տրվել, Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, սակայն վճռաբեկ դատարանում վճիռը բողոքարկվել է, և դատարանը որոշել է վերանայել վճիռը:


«Խնդիրն այն է, որ աշխարհի ոչ մի երկրում քաղաքի կենտրոնական հրապարակը չեն տալիս վարձակալության` որպես ավտոկանգառ»,-ասաց նա:


Նշենք, որ «Շիրակ կենտրոնը» դեռևս տարիներ առաջ բազմիցս առաջարկել է Գյումրիում բացառել «վճարովի ավտոկանգառներ» երևույթը, այսօր էլ հրապարակին առնչվող  հայտարարություն է տարածել: