Մեզ անհրաժեշտ է արագացնել բանակցային գործընթացը ԵՄ-ի հետ. Դավութօղլու

17:40 • 28.08.14

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը լքող Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ վերջին 5 տարվա ընթացքում արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունն ավելի ուժեղ է դարձել։ Իր ելույթում նա նշել է, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները ԵՄ-ի հետ ավելի ակտիվ բանակցություններ վարելու համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

«Մեզ անհրաժեշտ է արագացնել բանակցային գործընթացը ԵՄ-ի հետ։ Այսօր մենք արդեն ուժ ունենք դրա համար։ Եվ այժմ եկել է վազքի ժամանակը։ Ես լիովին համոզված եմ, որ այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Դավութօղլուն։

 

Դավութօղլուն, ով երկրի վարչապետ է նշանակվել և պետք է նոր կառավարություն ձևավորի, հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում իր ղեկավարության ներքո նախարարությունում խոշոր բարեփոխումներ են տեղի ունեցել, և այն ավելի ուժեղ է դարձել։


«Մենք հզոր ցատկ ենք կատարել առաջ։ Մեր հարևան առնվազն 8 երկիր լուրջ ճգնաժամ է ապրում։ Մեր գլխավոր նպատակն է խաղաղության մասին խոսել։ Աշխարհի ամենազարգացած տնտեսությամբ երկրների տասնյակում հայտնվելու համար Թուրքիային անհրաժեշտ է իր շուրջ ստեղծել կայունության գոտի»,- նշել է Դավութօղլուն։

 

Նա ասել է, որ իր օրոք փոխվել է թուրքական դիվանագիտության նպատակների հասկացությունը։ «Ես այն ժամանակ ասացի, որ չեմ ցանկանում նիստերի ընթացքում տեսնել պասիվ դիվանագետներ»,- հիշեցրել է նախարարը: