Ադրբեջանում ևս մեկ ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել
Ադրբեջանի Ապշերոնի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հայտնի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Խազիին, հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Նաթիկ Ադիլովին:
Սեյմուր Խազին Ադրբեջանի իշխանությունների ամենասուր քննադատներից է և «Ազադլըգ» ընդդիմադիր թերթի աշխատակից:
Haqqin.az-ի հաղորդմամբ՝ հայտնի լրագրողին ներկայացվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 221.1 հոդվածով (խուլիգանություն) մեղադրանք: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Էլթոն Գուլիևը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին կառույցի անունից ևս մեկ անգամ դատապարտել էր Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը: Ադրբեջանին կոչ է արվել հարգել իր քաղաքացիների համամարդկային իրավունքները: Նշվել է, որ դա կլինի ի շահ Ադրբեջանի իսկ բարօրության:










