Ծեծի ենթարկված սիրիահայ սրտաբանը բողոքը ետ է վերցրել ոստիկանությունից
Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը, ով հիվանդանոցի բակում ծեծի էր ենթարկվել Թալինի քաղաքապետի ազգականներից մեկի կողմից, իր բողոքը ետ է վերցրել ոստիկանությունից: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց սրտաբանը և նշեց, որ հաշտության համաձայնություն են կնքել:
«Բազմաթիվ հանգամանքներից ելնելով` հաշտվել ենք: Նախ` դրանցից առաջինն այն է, որ ես երեխա եմ ունեցել, կինս էլ ուզում էր, որ թշնամության որևէ հարց չլինի: Իրենք եկան, հարցը պարզաբանեցինք ու լուծված համարեցինք»,-ասաց սրտաբանը և նշեց, որ իրեն ծեծի ենթարկած կողմը ներողություն է խնդրել:
Հիշեցնենք, որ սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը ծեծի էր ենթարկվել օգոստոսի 20-ին` Թալինի բժշկական կենտրոնի բակում: Ինչպես պնդել էր բժիշկը` իրեն ծեծի էին ենթարկել քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրները, վարորդ Կայծեր Ավետիսյանն ու քաղաքապետի բարեկամներից Սուրիկ Գրիգորյանը։










