Հիլարի Քլինթոնն առաջին անգամ մեկնաբանել է Ֆերգյուսոնի անկարգությունները
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջին անգամ մեկնաբանել է Ֆերգյուսոն քաղաքի իրադարձությունները, գրում է Газета-ն՝ The Los Angeles Times-ին հղումով:
ԶԼՄ-ները նշում են, որ Քլինթոնը քննադատության է ենթարկվել՝ Ֆերգյուսոնի իրավիճակի մասին լռելու համար, որտեղ ոստիկանը Մայքլ Բրաուն անունով սևամորթ տղայի էր սպանել, ինչից հետո քաղաքում բողոքի ակցիաներ էին սկսվել։
«Երեխայի կորուստն ամենամեծ վախն ու աներևակայելի ցավ է ցանկացած ծնողի համար։ Ոչ ոք չի ցանկանում տեսնել մեր փողոցները որպես ռազմական գործողությունների գոտի։ Մենք չենք կարող անտեսել անհավասարությունը, որը շարունակում է գոյություն ունենալ մեր դատական համակարգում և որը խախտում է մեր ամենագլխավոր արժեքները՝ արդարության և հավասարության վերաբերյալ»,- ասել է Քլինթոնը։
Միևնույն ժամանակ, Քլինթոնը բարձր է գնահատել «իրավապահ մարմինների շատ արժանի և հարգված աշխատակիցներին», ինչպես նաև աջակցել է նախագահ Բարաք Օբամայի որոշմանը՝ Ֆերգյուսոն ուղարկել գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին։










