Մայրաքաղաքում հոսանքի անջատումները կենցաղային տեխնիկայի վնասման պատճառ են դարձել
Օգոստոսի 27- 28-ին մայրաքաղաքի կենտրոնի առնվազն երկու թաղամասերի՝ Պուշկինի և Ամիրյան փողոցներն ընդգրկող թաղամասերի բնակելի բազմաբնակարան շենքերում մի քանի անգամ հոսանքի անջատումներ են եղել, ինչի հետևանքով մեկ օրով շարքից դուրս է եկել Պուշկին 43 հասցեի բազմաբնակարան շենքի ջրի պոմպը:
Tert.am-ի հետ զրույցում Ամիրյան 10 հասցեի բնակիչ Գրետա Հարությունյանն էլ տեղակացրեց, որ անջատումից հետո փչացել է իր հեռուստացույցը, և հրավիրված մասնագետը հրաժարվել է այն վերանորոգել՝ ասելով, որ այն ենթակա չէ վերանորոգման:
«Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հաստատեց, որ նշված օրերին նշված հասցեներում վթարներ են եղել: Իսկ ի պատասխան հարցի, թե ո՞րոնք են վթարների պատճառները, չէ՞ որ ամռանը հոսանքի ծանրաբեռնվածություն չկա, նշեց.«Ուղղակի վթարներ են եղել, համակարգը նախատեսում է վթարներ»:
Ինչ վերաբերում է փչացած իրերին, ապա ՀԷՑ-ից խորհուրդ են տալիս դիմել համապատասխան մասնաճյուղեր:
«Մեզ մոտ վթարները գրանցվում են, և եթե համոզվում ենք, որ սարքը շարքից դուրս է եկել հոսանքի տատանումների հետևանքով, ապա վերանորոգում ենք այդ տեխնիկան, իսկ եթե այն վերանորոգման ենթակա չէ, դրամական փոխհատուցում ենք տալիս»,-ասաց ընկերության մամուլի քարտուղարը:










