Էրդողանը 2015թ. չի գա Հայաստան. Հայաստանը Թուրքիային բարդ իրավիճակի մեջ դրեց`պաշտոնական հրավերով. կարծիքներ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մասնակցելիս, նրան է հանձնել ՀՀ Նախագահի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
Tert.am-ի հետ զրույցում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա կատարած այցն արդարացված էր նաև այն առումով, որ նախագահի հայտարարությունից հետո թուրքական իշխանություններն ըստ էության խուսափում էին պատասխանել պաշտոնական հրավերին և որևէ կերպ չէին արձագանքում:
«Այս այցով նախարարը ևս մեկ անգամ թուրքական կողմին հիշեցրեց իրենց պատասխանատվության մասին և ուղղակի ստիպեց արձագանքել մեր նախագահի հրավերին»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա Ռուբեն Մելքոնյանը հակված է ենթադրելու, որ հաշվի առնելով Էրդողանի այցը և նրա ազգայնամոլական կերպարը, ապա քիչ հավանական է, որ նա 2015 թվականին կայցելի Ծիծեռնակաբերդ:
«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահի շուրջ ձևավորվել է պրոֆեսիոնալների թիմ՝ իմիջմեյքերների, խորհրդականների, այդ թվում և Դավութօղլուի, ապա կարծում եմ, որ թուրքական կողմն անպայման որոշակի արձագանք կտա և որոշակի քայլ կանի՝ փորձելով հակաքայլ անել հայկական կողմի քայլերին: Ենթադրում եմ, որ 2015 թվականի ապրիլին Թուրքիայում կկազմակերպվեն հիշատակի որոշակի միջոցառումներ, և, չի բացառվում, որ Էրդողանը նախ հանդես գա ցավակցական, կիսակեղծ ուղերձով, և երկրորդ՝ այցելի միջոցառումներից որևէ մեկին: Դա էլ նա կանի ոչ թե իր կամքով, այլ՝ ստեղծված իրավիճակի և իր թիմի խորհրդով»,-ընդգծեց թուրքագետը:
Այդուհանդերձ, այս պահի իրողությունները հիմք ընդունելով, Ռուբեն Մելքոնյանը ևս մեկ անգամ շեշտեց, թե շատ քիչ հավանական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելի Ծիծառնակաբերդ, քանի որ դա հակասում է և՛ նրա կերպարին, և՛ մտածողությանը, և՛ քաղաքական կենսագրությանն ու մտածողությանը:
«Հայաստանի այս քայլով հերթական անգամ թուրքական կողմը բավական բարդ իրավիճակի առջև կանգնեց»,-նկատեց Մելքոնյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Նախագահի հրավերին Թուրքիան, այնուամենայնիվ, որևէ նախարարի մակարդակով մասնակցի, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Դա արդեն պարզ կլինի իրավիճակից, բայց, համենայն դեպս, թուրքական կողմը, եթե նման քայլ անի էլ, ինչը չի բացառվում, որ ավելի ցածր մակարդակի ներկայություն լինի, ապա դա լինելու է փորձ՝ իրավիճակը թեքել ի օգուտ իրենց, փորձ՝ աշխարհին ներկայանալ որպես հանդուրժող և քաղաքակիրթ պետություն, փորձ՝ աշխարհին ցույց տալու, որ առաջին աշխարհամարտի տարիներին եղել են երկուստեք զոհեր։ Եվ վստահաբար կարող ենք ասել, որ եթե նման այց լինի էլ, ապա այդ այցն ուղեկցվելու է պատմական ճշմարտությանը հակազդող հայտարարություններով, որոնցով փորձ է արվելու համահավասարեցնող զուգահեռներ անցկացնել այդ տարիներին Հայոց ցեղասպանության և թուրքական կողմի ունեցած զոհերի միջև: Համենայնդեպս, թուրքական քաղաքականության մեջ դեռս չկա պատրաստակամություն և խիզախություն՝ առերեսվելու իրենց պատմության հետ:
Որ Էրդողանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին չի գա Հայաստան՝ համոզված է նաև թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Որպեսզի Էրդողանն այցելի Հայաստան՝ Թուրքիան նախ պետք է հրաժարվի Ցեղասպանության ժխտողականության դիրքորոշումից, Թուրքիայի խորհրդարանը պետք է ընդունի Ցեղասպանության փաստը, և դա հաստատի Նախագահը: Առանց դրա՝ Հայաստան այցելելու որևէ քայլ Թուրքիան չի կատարի»,-նկատեց Հակոբ Չաքրյանը:
Նրա համոզմամբ՝ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Էրդողանը կընդառաջի Հայաստանի Նախագահի պաշտոնական հրավերին:
Ինչ վերաբերում է նրան, թե հնարավո՞ր է, որ արտաքին գործերի կամ որևէ այլ նախարարի մակարդակով արձագանքեն պաշտոնական հրավերին, Հակոբ Չաքրյանը կարծում է, թե քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ժխտողական քաղաքականությունից, ապա որևէ նախարարի կամ որևէ պաշտոնական ներկայացուցչի չեն ուղարկի:
«Հնարավոր է բազում լրագրողներ գան՝ ստուգելու, թե ինչպես են անցնում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, բայց պաշտոնական որևէ անձ չի ներկայանա: Առավելագույնն այն կլինի, որ որևէ քաղաքապետ ներկայանա»,-եզրակացրեց Հակոբ Չաքրյանը:










