Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղեկություններ ունեն Ուկրաինա Ռուսաստանի ռազմական միջամտության մասին

16:54 • 29.08.14

Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հայտարարել է Ռուսաստանի կողմից «ռազմական միջամտության» մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում աշխարհազորայիններին Մոսկվայի կողմից տրամադրվող աջակցության մասին: «Այս ամենն ամփոփվում է ռազմական միջամտության մեջ»,- ասել է նա:

 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածք ներխուժման մասին Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն առաջին անգամ չեն հնչում, սակայն ոչ ոք փաստեր չի տրամադրել: Լավրովը հավելել էր, որ ոչ մի փաստ չկա, որը կապացուցեր այդ պնդումները: