Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակը հաստատել է, որ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

22:27 • 29.08.14

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը «Առաջին ալիքի» հետ զրույցում հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Նրա խոսքով` օգոստոսի 26-ին Կարմիր խաչն իրազեկվել է, որ 2013թ. օգոստոսից 7-ից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերին լքել է Ադրբեջանի տարածքը` տեղափոխվելով երրորդ երկիր:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ինջիղուլյանին` մինչ Ադրբեջանը լքելը, և ամեն ինչ տեղի է ունեցել Կոմիտեի ընթացակարգին համապատասխան: Նա նաև հաղորդել է, որ տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ինջիղուլյանի ընտանիքին և Հայաստանի իշխանություններին:

 

Երրորդ երկիր տեղափոխվելու և Ադրբեջանում սպանված` Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հայրենիք վերադարձնելու մասին Վալերի Յարմակը այլ տեղեկություն չի հայտնել:

2013 թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: