Կիմ Չեն Ընի անձնական ֆինանսիստը փախել է Ռուսաստան՝ 5 մլն դոլարով. ԶԼՄ-ներ

13:59 • 29.08.14

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական դրամական միջոցները կառավարող ֆինանսիստը փախուստի է դիմել արտասահման և այժմ, ենթադրաբար, գտնվում է Ռուսաստանում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հայտնում է հարավկորեական «Չունան իլբո» թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի, Յուն Դե Հյոնն ապաստան է փնտրում երրորդ երկրում:

 

«Հյուսիսկորեական Joson Daesong Bank-ը գլխավորող Յուն Դե Հյոնն անհետացել է ռուսական Նախոդկա նավահանգստում: Իր մոտ նա ուներ «հեղափոխական ֆոնդերից» մոտ 5 միլիոն դոլար: Ենթադրվում է, որ նա դիմել է ապաստան տրամադրելու մասին խնդրանքով»,- գրում է թերթը:

 

Ինչպես նշում է «Չունան իլբոն», Յուն Դե Հյոնը մեծ ծավալով տեղեկությունների է տիրապետում ԿԺԴՀ-ի առաջնորդի ֆինանսական գործարքների մասին: Նրա հիմնական խնդիրն է եղել կառավարել Կիմ Չեն Ընի և նրա հանգուցյալ հոր՝ արտասահմանում գտնվող գաղտնի ֆոնդերը: 2010 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն բանկը ներառել է «սև ցուցակում»՝ ԿԺԴՀ-ի «անօրինական ֆինանսական նախագծերի մեջ ներգրավվածության» համար: