Մանուկների համար հրատարակված բոլոր գրքերը պետք է ենթարկվեն գրաքննության. արձակագիր
Արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը գտնում է, որ մանուկների համար հրատարակված բոլոր գրքերը պետք է ենթարկվեն գրաքննության, և Կրթության և գիտության նախարարությունը պետք է ստեղծի մանուկների գրականության համար պատասխանատվության մի օրգան, որն էլ պետք է վերահսկողություն իրականացնի:
Հրավիրված մամուլի ասուլիսում այսօր նա նկատեց, որ մանուկների և պատանիների համար շատ բազմատեսակ, գունավոր, որակյալ թղթով գրքեր են հրատարակվում, որտեղ թեև տպագրվում են Հովհաննես Թումանյանի, ժողովրդական հեքիաթներ, սակայն չկան այն մանկավարժները, որոնք պետք է ուղղորդեն, թե որ տարիքի երեխաները ինչ գրքեր և հեքիաթներ պետք է կարդան:
«Բացի այդ, այսօրվա դասագրքերում չկան ժամանակակից գրողների ստեղծագործություններ: Գյուլնազ տատի հեքիաթներով այլևս չպետք է երեխաներին կերակրենք»,-գտնում է նա:
Ռուբեն Մարուխյանն ասաց, որ այսօր չկա վերահսկողություն, ինչի արդյունքում բիզնես անելու համար տպագրվում են «հիմար» բանաստեղծություններ, հեքիաթներ, որոնք կարող են փչացնել երեխաների ճաշակը:










