ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանին հարգել իր քաղաքացիներին
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին կառույցի անունից ևս մեկ անգամ դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը:
Պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ Փսակիին հարց է տրվել՝ արդյո՞ք համապատասխան միջավայրի բացակայությունն է Ադրբեջանում իրավապաշտպան Իլգար Նասիբովի դաժան ծեծի պատճառ դարձել (նախօրեին Փսակին խոսել էր այդ երկրում կառավարության կողմից հիմնարար ազատությունների միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին):
Հետաքրքրական է, որ «Ադրբեջանի մասին» հարցին Փսակին արձագանքել է. «Mm-hmm» ասելով:
Փսակին նշել է, որ առաջին անգամ չէ, որ իրենք մտահոգություն են հայտնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ: Փսակին վերահաստատել է Պետքարտուղարության մտահոգությունն առ այն, որ Ադրբեջանը չի պահպանում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանին կոչ է արվել հարգել իր քաղաքացիների համամարդկային իրավունքները: Նշվել է, որ դա կլինի ի շահ Ադրբեջանի իսկ բարօրության:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է որևէ բան անել իրավիճակի շտկման համար, Փսակին ասել է, որ նման հարցերում սերտորեն համագործակցում են եվրոպացի գործընկերների հետ՝ չմասնավորեցնելով համագործակցության բնույթը:
Օգոստոսի 21-ին Նախիջևանում դաժան ծեծի էր ենթարկվել ադրբեջանցի իրավապաշտպան, լրագրող Իլգար Նասիբովը:










