Երանի թե մեր բոլոր քաղաքացիները ձեզ նման պարտաճանաչ լինեին. Նախագահը մրցանակներ հանձնեց աշակերտներին

14:50 • 29.08.14

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողները, նախորդ ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներ ու միջազգային վեց օլիմպիադաների մեդալակիրներն այսօր հանդիպեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից և վերջինից ստացան մրցանակներ:


Ողջունելով աշակերտներին՝ Նախագահը, նշեց, որ հպարտանում է նրանցով և որ հենց նրանք են երկրի ապագան:


«Ապրե՛ք դուք, դուք մեր երկրի ապագան եք, բոլորս ձեզնով հպարտանում ենք ու ոչ ավելի քիչ, քան ձեր ծնողներն ու ուսուցիչները: Երանի թե մեր բոլոր քաղաքացիները ձեզ նման պարտաճանաչ լինեին ու կարողանային ձեզ նման արդյունավետ սովորել ու աշխատել: Կարևոր եմ համարում, որ ձեր ձեռքբերումները լինեն շարունակական: Կարևորում եմ այն առումով, որ քիչ չեն այն օրինակները, երբ երիտասարդը ուսման ընթացքում չի փայլում լավ գնահատականներով, բայց ապագայում իր աշխատասիրությամբ հասնում է մեծ հաջողությունների: Բայց քիչ չեն նաև այն օրինակները, երբ գերազանց սովորող աշակերտները, որ իրենց համարում են ամենագետ, դադարում են մեծ ջանքեր գործադրելուց: Ակնհայտ է, թե արդյունքները այդ դեպքերում ինչպիսին են լինելում: Սրանք ձեր առաջին հաջողություններն են, ու պետք է բոլորդ հասկանաք, որ պետք է մեծ ջանքեր գործադրեք»,-ասաց նախագահը:

Այնուհետև Սերժ Սարգսյանը դիմեց գերազանց ավարտած ու ոսկե մեդալի արժանացած նախկին աշակերտներին:
«Ձեզ համար բարձր նշաձող եք սահմանել ու իրավունք չունեք դրանից ցածր արդյունքներ գրանցել: Դա ձեր առաջին լուրջ հաջողությունն է և պետք է շարունակեք: Իսկ Կենգուրու» մրցույթի հաղթողներին ցանկանում եմ, որ մեծ պատասխանատվությամբ ու պատվով պատրաստ լինեն շարունակելու այն մարաթոնը, որ սկսել են և շատ մեծ պատասխանատվությամբ տանում են ձեզնից ավագները: Վստահ եմ, որ այս փոքրիկներից շատերը տարիներ հետո լինելու են այս դահլիճում այլ կարգավիճակում: Միջազգային օլիմպիադայի սիրելի՛ հաղթողներ, դուք հրաշք եք, կամ հրաշագործ եք: Ես ձեզնով հպարտանում եմ և հպարտանում է ողջ ժողովուրդը»,-ասաց նա:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կենգուրու» մրցույթի հաղթողներից Զարուհի Հակոբյանը՝ իրականում խնդիրները դժվար են, բայց անհնարին բան չկա:

«Էդքան էլ դժվար չէ, եթե սկսում ես լուծել, կարողանում ես: Ամեն դեպքում անհնարին չէ: Տարբերվում է այն խնդիրներից, որ մենք սովորում ենք դպրոցում, մրցույթին ավելի շատ տրամաբանական խնդիրներ են առաջադրված: Նախորդ տարի էլ եմ մասնակցել, բայց չեմ հաղթել, այս տարի հաղթել եմ և ամեն տարի մասնակցելու եմ: Ես միշտ պարապում եմ հայրիկիս հետ»,-ասաց նա և ավելացրեց, որ պատրաստվում է դառնալ շախմատիստուհի:


Նշենք, որ այս տարի «Կենգուրու» մրցույթին մասնակցել է 1469 աշակերտ, որոնցից 617-ը ցուցաբերել են լավագույն արդյունք: Հաղթող են ճանաչվել 8 աշակերտներ, որոնցից 4-ը Երևանից, 3-ը՝ Լոռու, 1-ը էլ՝ Շիրակի մարզից:


2013-2014 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիրները 47-ն են, որոնցից 12-ը՝ Երևանից:


2014թ-ի դպրոցականների միջազգային վեց օլիմպիադաների մասնակցության արդյունքում Հայաստանի թիմի անդամները նվաճել են 19 մեդալ, որոնցից 9 արծաթե, 10-ը՝ բրոնզե: