Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Ноев Ковчег» թերթին
Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ` չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից. ինչպես տեղեկացնում է 2rd.am կայքը, այս մասին ասել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում։
- Ռոբերտ Սեդրակի, Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան երկու միլիոն հայ է ապրում, իսկ Հայաստանում`շուրջ երեք: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ռուսաստանի հայության և Հայաստանի միջև կապերի հետագա ամրացումը և համագործակցությունը: Որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել:
-Այդպիսի սփյուռքի առկայությունը լուրջ գործոն է Ռուսաստանի հետ տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար: Դա հզոր, բայց ցավոք թույլ իրացված ներուժ է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար: Ազգականներին ուղարկված տրանսեֆերներն, իհարկե, կարևոր են, բայց հիմա շատ ավելի կարևոր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծելը, ապրանքներ արտադրելը, որոնց շուկան, իմիջիայլոց, կարող է լինել Ռուսաստանը, հատկապես վերջին համաձայնագրերի լույսի ներքո: Եվ այստեղ պետք է շարժումը հանդիպակաց լինի, մասնավորապես, ընդհանուր իրավիճակը ու Հայաստանի ներդրումային մթնոլորտը պետք է այնքան գրավիչ լինեն, որ շահագրգռեն սփյուռքին` այդպիսի ջանքեր գործադրելու: Հակառակ դեպքում ուժեղ սփյուռքը կարող է բարենպաստ ենթակառուցվածք դառնալ արտագաղթի նոր ալիքի համար:
- Ի՞նչ եք մտածում գյուղմթերքի ռուսական շուկա Հայաստանի թափանցման մասին. հիմա շատերն են խոսում, որ ԵՄ-ից սննդամթերքի ներմուծման արգելքից հետո Հայաստանին հնարավորություն է ընձեռվել գրավել իր տեղը ռուսական շուկայում:
-Իսկապես, գյուղմթերքի հայ արտահանողները կարող են էականորեն ընդլայնել դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները, բայց որպեսզի ամրապնդվեն այդ շուկայում երկարաժամկետ, պետք է արտադրեն որակով ու գնով մրցունակ ապրանք: Դժվար է գնահատել` այս խնդիրը լուծելու համար ինչ ծավալի նոր ներդրումների կարիք ունի մեր գյուղատնտեսությունը, ինչքան նոր խաղացողներ ամբողջ աշխարհից կշտապեն դեպի ռուսական շուկա և որքան երկար կտևի այս պատմությունը: Պետք չէ մոռանալ, որ պատժամիջոցները հավերժական չեն, բայց դրանք կարող են ժամանակավոր առավելություն ընձեռել ապրանքի ճանաչելիությանը հասնելու և սպառողների համակրանքը ձեռք բերելու գործում՝ շուկայի մի հատվածը գրավելու նպատակով:
Իսկ ընդհանրապես մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանի տնտեսությունը պատժամիջոցներից կարող է շահել: Հիշում եմ, որ մեր գործիչներից մեկը 2008 թվականի ամռանը դեմքի խիստ ակադեմիական արտահայտությամբ խոսում էր այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը շահելու է համաշխարհային ճգնաժամից: Իսկ արդյունքում մենք դարձանք անկման չեմպիոններ և մինչ օրս չենք վերականգնել տնտեսության ծավալների նախաճգնաժամային մակարդակը:
- Ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետ կապված Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ձեր կարծիքով որքանով էր այն արդյունավետ: Կհաջողվի՞ արդյոք Ղարաբաղի հարցը լուծել դիվանագիտական մակարդակում:
-Հանդիպման արդյունավետությունը գնահատելու համար բավարար տեղեկատվության ես չեմ տիրապետում: Այնուհանդերձ, երկար ընդմիջումից և շփման գծում իրավիճակի լարումից հետո կայացած հանդիպման փաստն ինքնին արդեն դրական է: Ես կխուսափեի լավատեսական գնահատական տալ վերջնական լուծման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը, հակամարտության կողմերի մեկնաբանություններն ու դրանց տոնայնությունն առայժմ այդ մասին չեն խոսում:
- Ինչպես երևում է, Ղարաբաղը կարող է խոչընդոտ դառնալ նաև ԵՎՏՄ Հայաստանի անդամակցության ճանապարհին: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց Հայաստանին` միանալ Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցը իսկապես բարդացնել այդ միությանը Հայաստանի անդամակցությունը:
-Սկզբունքորեն, ԵՎՏՄ ցանկացած երկիր ֆորմալ տեսանկյունից կարող է արգելափակել հարցը, պահանջելով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի հաստատում, ինչը դժվար թե ընդունելի լինի Հայաստանի համար: Բայց Հայաստանին ընդունելու ցանկության դեպքում կարելի է փոխադարձ համաձայնությամբ լռակյաց շրջանցել այդ հարցը: ԼՂՀ-ը այլ երկրների հետ գործող սահման չունի, իսկ Ադրբեջանի հետ սահմանը դա զորքերի շփման գիծն է: Այսինքն, միության տարածք ԼՂՀ-ով ինչ-որ ապրանքների ներթափանցման վտանգը /որը կսպառնա մասնակից երկրների տնտեսական շահերին/ ուղղակի զրոյական է:
- Ղարաբաղն, ավաղ, դարձավ Հայաստանի ներկայիս մեկուսացման հիմնական պատճառը: Կարո՞ղ է Հայաստանն այնուամենայնիվ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծման դուրս գալ այդ մեկուսացումից, ինչպե՞ս և ի՞նչ է պետք դրա համար ձեռնարկել: Դուք ԼՂՀ առաջին նախագահն եք եղել, ուրեմն ո՞վ ավելի լավ, քան դուք գիտե, թե որքան բարդ է այս հանգույցը:
-Հայաստանը, հայտնի պատճառներով, ունի փակ սահման երկու հարևան երկրների հետ, բայց դա մեկուսացում չէ: Հայաստանը մեկուսացման մեջ երբեք չի եղել, ու վստահ եմ` չի էլ լինի: Սահմանների հետ կապված իրավիճակն այսպիսին էր նաև իմ նախագահության շրջանում, բայց դա չխանգարեց մեզ զարգացնել տնտեսությունը աճի երկնիշ տեմպերով: Այստեղ կարող է նաև դրական զարգացում լինել: Միանգամայն հավանական է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացումը: Ենթադրում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքը վերականգնելու հնարավորություն կա, այն պատճառով, որ դա ձեռնտու է բոլորին: Դրա շահագործման ճկուն բանաձև է անհրաժեշտ, այնպիսին, որը չի դիպչի կողմերի համար զգայուն խնդիրներին: Հայաստանն, իմ կարծքիով, պիտի լինի այդ գործընթացի ամենաակտիվ միջնորդը, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է իր կենսական շահերին:
- Այժմ դուք հանդիսանում եք «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն: Ընկեևրություն, որը ՌԴ-ի խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկն է և իր մեջ է ներառում նավթարդյունահանող և վերամշակող, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական, ապահովագրական, անշարժ գույքի, առևտրական, մասմեդիայի, բանկային հատվածի և բժշկական ընկերություններ: Ասացեք, Ձեր կարծիքով Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները քաղաքական խնդիրները կարգավորելու արդյունավե՞տ գործիքներ են, և ո՞ւմ տնտեսությունն ավելի կտուժի դրանից:
-Ցանկացած պատժամիջոց երկսայրի է, և ավելի լավ է չկիրառել այն: Պատժամիջոցներ կիրառելը քաղաքական բարդ ու չափազանց պատասխանատու գործընթաց է: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սանկցիոն շրջանի երկարաձգումը ոչ պակաս բարդ է դարձնում պատժամիջոցներից հրաժարվելը: Պատժամիջոցները կարող են ավելի երկարակյաց լինել, քան դրանց նախապատճառները: Հիշեք Կուբայական պատժամիջոցների պատմությունը կամ` Ջեկսոն – Վենիկի տխրահռչակ լրացումը: Ակնհայտ է, որ ներկայիս պատժամիջոցներից տուժելու են բոլորը, իսկ ով ավելի շատ կամ քիչ`կախված է հաշվողի համակրանքից ու էնտուզիազմից:
- Ռոբերտ Սեդրակի, օգոստոսի 31-ին Դուք կդառնաք 60 տարեկան: Դա քաղաքական գործչի համար ծաղկուն տարիք է: Ինչպիսի զգացումներ ունեք այս առումով: Կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում:
-Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում /ավելի շատ ժամանակ կա մարզումների համար/: Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ` չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից:
- Մի քիչ էլ Ձեր հոբբիների մասին խոսենք: Գիտենք, որ դուք սիրում եք սպորտ, ջազ, գրքեր: Ի՞նչ ակտիվությամբ և ի՞նչ սպորտաձևով եք հիմա զբաղվում, ե՞րբ եք վերջին անգամ եղել ջազային համերգի, ո՞վ է Ձեր կուռքը, և վերջերս կարդացած ո՞ր գիրքն է Ձեզ վրա առավել մեծ տպավորություն գործել:
-Կանոնավոր կերպով զբաղվում եմ լողով, ընդ որում`անընդհատ բարելավելով արդյունքներս: Բավականին ակտիվորեն ամռանը վինսերֆինգով եմ զբաղվում, իսկ ձմռանը`դահուկներով, սիրում եմ քայլել սարերում /հաճախ հրացանով/: Ջազ և ընդհանրապես երաժշտություն, ցավոք, լսում եմ հիմնականում, միայն տանը և մեքենայի մեջ: Վերջերս կարդացած և դուր եկած գիրքը Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի "Why nation fails" գիրքն է, հիմա կարդում եմ ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի "Capital in the 21st century" գիրքը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։










