Թուրքիայի օրակարգում հայտնվել է կրկին դեպի Եվրոպա և հայկական ուղղվածությունը. Ստյոպա Սաֆարյան
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի պաշտոնական մասնակցությանը Թուրքիայի Նախագահ Էրդողանի երդմնակալությանը արտգործնախարարի մակարդակով՝ կարծիք հայտնեց, թե պաշտոնական Երևանը նման քայլի է գնացել է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները Արևմուտքի հարաբերություններում։
«Շատ է քննարկվում՝ արժեր գնալ, չարժեր, բայց ինձ համար տարօրինակ է, որ չքննարկվեց ձևի հարցը, ինչը շատ ավելի կարևոր եմ համարում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «գնում ես, որ ինչ անես»... Այս կտրվածքով առաջին հերթին չխոսվեց այն նպատակներից, որին ուզում է հասնել Երևանը»,-ասաց նա և եզրակացրեց, թե կարծում է՝ այս այցից մեծ նպատակներ ակնկալել պետք չէ, գոնե Երևանի մակարդակով։
Ըստ նրա, թերևս միայն տեսանելի նպատակներից է Նալբանդյանի կողմից Էրդողանին Նախագահի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողության պաշտոնական հրավերը հանձնելը։
«Պաշտոնական Երևանը սա անում է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները, որոնք ոչ պակաս հետաքրքիր են, որքան Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները։ Երևանը միանում է, չասեմ խաղին, այլ այն ռազմավարությանը, որը մենք ականատես կլինենք առաջիկա ամիսներին՝ Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում»,-ասաց նա։
Հիմնվելով Թուրքիայի վարչապետի հայտարարության վրա՝ հայկական և կիպրոսյան խնդրի վերաբերյալ, Սաֆարյանը եզրակացրեց, որ Թուրքիայի օրակարգում հայտնվել է կրկին դեպի Եվրոպա և հայկական ուղղվածությունը։ Ըստ նրա, եվրոպական երկրները հայկական խաղաքարտը շատ են օգտագործել, դանդաղեցրել ինտեգրման հարցը, սակայն դրան զուգահեռ՝ Բաքուն էլ կփորձի հիշեցնել Անկարայի խոստումները։
Խոսելով ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ վերլուծաբանը նշեց, որ դա արվեց Արևմուտք-Ադրբեջան հարաբերութունների միջև լարվածության աճի պայմաններում։ «Գնալով խնդիրները Ադրբեջանի և Արևմուտքի միջև շատանում են, և կարելի է ենթադրել, որ դա նախազգուշական պատժիչ քայլ է Ադրբեջանի հանդեպ»,-ասաց նա և հիշեցրեց Ադրբեջանի մերձեցման փորձը Ռուսաստանի հետ։
«Առաջիկայում սեպտեմբերին էական զարգացումներ կլինեն տարբեր ուղղություններում՝ Արևմուտք-Ադրբեջան, Արևմուտք-Թուրքիա, Արևմուտք-Ռուսաստան, հետևաբար մի փոքր լարվածություն կարող ենք սպասել հայ-ադրբեջանական հարաբերություներում»,-ասաց նա։










