Տավուշի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով
Ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային ահաբեկչության հատկանիշներով և ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ Facebook-ի իր էջում:
«Փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից` Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրականացնելով պայթյուններ և հրկիզումներ` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները, հաղորդակցման, կապի միջոցները, գույքը ցանքատարածքները վնասելուն: Քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը»,-ասվում է գրառման մեջ։










