Ամուլսարի ոսկու հանքի շահագործումից հետո գյուղատնտեսությամբ հնարավոր չի լինի զբաղվել. բողոքի ալիք Գնդեվազում

11:00 • 30.08.14

Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի երիտասարդները պատրաստվում են օգոստոսի 30-ին գյուղում բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:


«Բողոքի ակցիան նախաձեռնել է գյուղի երիտասարդական խումբը: Մեր պահանջն այն է, որ պետք է հասկանանք շահագործման տեխնոլոգիաները: Մեր հողերի մեծ մասն անցնում է շահագործողների ենթակայության տակ, ի՞նչ է լինելու դրանից հետո գյուղացիների ճակատագիրը, եթե մենք մնալու ենք գյուղում, ինչո՞վ ենք զբաղվելու, քանի որ շահագործումից հետո արդեն գյուղատնտեսությամբ հնարավոր չի լինի զբաղվել: Այդ ամենը պետք է պարզաբանվի, որ մենք հասկանանք արժե՞, թե՞ ոչ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը:


Նշենք, որ հանքի շահագործման շուրջ հարակից գյուղերում տարակարծություններ են, մի մասը կողմ է դրան, մի մասը՝ ոչ: «Չեմ կարող ասել, թե որքան մասն է կողմ, որքանը՝ դեմ: Մի մասն ուզում է, մյուս մասը չի ուզում, մի մասը մտածում է, թե ինչ է լինելու գյուղի ճակատագիրը, մյուս մասն էլ մտածում է, որ գյուղացիների համար աշխատատեղեր կլինեն»,-ասաց գյուղապետը:


Գյուղապետը նշեց, որ ինքը ևս դեմ է հանքի շահագործմանը. «Մեզ ներկայացրել են նախագիծը, թե ինչպես է շահագործվելու հանքը, հանքերը որ տարածքներում են լինելու և՛ բաց եղանակով, և՛ փակ, և՛ կորզման հարթակները լինելու են Գնդեվազի տարածքում, այսինքն՝ հիմնական բեռնվածությունը մեր համայնքի վրա է»:


Այն, որ ռիսկային գոտում հենց Գնդեվազ համայնքն է, մեզ հետ զրույցում հաստատեց բնապահպան Ինգա Զարաֆյանը: «Գնեդեվազը բավականին ռիսկային է, որովհետև այնտեղ ցիանային ֆաբրիկա պետք է կառուցեն, ռիսկային են նաև Սարավան և Գորհայք համայնքները, իսկ Գնդեվազն ու Սարավանը պիլոտային ծրագրով պետք է դառնան Ջերմուկի ընդհանուր համայնք»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ հանքավայրի շահագործումը իր ամբողջ ենթակառուցվածքով մեծ վտանգ է ներկայացնում. ստրատեգիկ ռիսկեր Հայաստանի ջրային պաշարների համար (ինչն ընդհանրապես նախագծում ներկայացված չէ), կենսաբազմազանության ու հողի շերտի համար:


Բնապահպան Լևոն Գալստյանը նույնպես շեշտեց շահագործման թերությունները. «Հանքավայրն ազդում է Որոտան գետի ավազանի վրա, եթե ազդեցություն գործի նաև Կեչուտի ջրամբարի վրա, ապա կազդի նաև Սևանի ավազանի վրա: Իսկ հիմնական վնասը տարածվում է Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա»:


«Իսկ թե փոշին ինչքան կտարածվի և մնացած վնասները, լուրջ պետք է ուսումնասիրվեն: Ասում են, թե փոշին 100 մետրից ավել չի տարածվի, բայց Ամուլսարի տարածքն ամենաքամոտ հատվածն է, իսկ քամու պարագայում փոշին տարածվում է արագ և հեռու: Հսկայական արոտավայրեր կան, որտեղ այդ փոշին ծանր մետաղների հետ կտարածվի մինչև 14 կմ»,- ասաց նա և ավելացրեց, որ Ամուլսարի հանքավայրն այն մեծության վտանգ է ենթադրում, որ վերաբերում է ամբողջ Հայաստանին, և դրա շուրջ իր կարծիքն ասելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի:


Իսկ այն, որ հանքարդույնաբերության ներկա տեմպերը բերելու են աղետաբեր հետևանքների, բնապահպանները դրանում համոզված են: «Էլ կապ չունի, թե շահագործողներն ինչ ծրագրեր կգրեն, ինչ նախագծեր կմշակեն, մեկ է: Երբ ՀՀ-ում այս տեմպերով հանքարդյունաբերություն ես զարգացնում, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու 10-20 տարի հետո՝ կապված ջրային, հողային, օդային ռեսուրսների հետ»,- ասաց Լևոն Գալստյանը:


Գյուղերում շահերի բախման մասին էլ նշեց, որ որոշ գյուղերի գյուղացիներ կողմ են հանքի շահագործմանը, քանի որ պատրաստ են «իքս» գումարով աշխատել այնտեղ:


Բնապահպանի խոսքով՝ ՀՀ կառավարության «հոյակապ» քաղաքականության արդյունքում այսօր այդ գյուղերը ոչնչացման եզրին են կանգնած. «Իսկ պնդումը, որ մենք փրկում ենք այդ գյուղերը հանքարդյունաբերություն զարգացնելով, միֆ է, որը ստեղծված է այդ գյուղերի բնակիչներին և մեզ կերակրելու համար: Այսինքն՝ եթե հանք չկա, պետք է այդ գյուղերը փակվե՞ն, սա՞ է մեր տրամաբանությունը»:


Նա նաև արձանագրեց, որ այսօր Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվում է ընդամենը 15 000 մարդ, դա բնակչության մեկ տոկոսն էլ չի կազմում: Հանքարդյունաբերությունն էլ երկրի ՀՆԱ-ի 3,2 տոկոսն է կազմում: «Հիմա Ամուլսարում ենթադրվում է բացել 700 աշխատատեղ, որից 400-ը հարակից գյուղերից կլինեն, որովհետև մասնագետներ չկան այդ գյուղերում: 400 աշխատատեղի համար մենք մի ամբողջ երկիր աղտոտվածության տակ ենք դնում ու հեկտարներով հողատարածքներ վերածում ենք անօգտագործելի հողատարածքների»,- ասաց նա և հարց ուղղեց շահագործողներին. «Հիմա ո՞վ է հաշվարկել, թե այդ երկարատև վնասն է ավելի շա՞տ, թե՞ այդ 12 տարվա օգուտը: Չկա այդ հաշվարկը, ոչ մի նորմալ երկրում Ամուլսարի նման հանքավայրը չէր կարող շահագործվել»:


Քանի դեռ հաշվարկված չէ երկարատև տնտեսական վնասը, Լևոն Գալստյանը վստահեցրեց, որ չի կարող նոր հանք բացվել:


Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանն էլ, ով գյուղում այգի ունի, մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստ է վաճառել իր այգին հանքը շահագործողներին: Իսկ հանքի շահագործմամբ իրենք աշխատատեղեր կունենան և ստիպված չեն լինի երկրից գնալ. «Այո՛, ես պատրաստ եմ գումարի դիմաց տալ իմ այգին»:


Նշենք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Ամուլսարի նախագծի գլխավոր ընկերության՝ Lydian International Ltd-ի բաժնետերերն են, որին էլ պատկանում է Հայաստանում Ամուլսարի նախագծի իրականացնող «Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 %-անոց փաթեթը: