Իտալացի բժիշկն ինը տարվա ընթացքում աշխատել է ընդամենը 15 օր

09:52 • 30.08.14

Իտալիայում բժիշկն ինը տարվա ընթացքում աշխատավայրում ներկա է գտնվել ընդամենը 15 օր, գրում է lenta.ru-ն:

 

Բժշկին հաջողվել է օրինականորեն խուսափել աշխատանքից. այդ ամբողջ ընթացքում նա մասնակցել է տարատեսակ դասընթացների, արձակուրդ է մեկնել կամ հիվանդության պատճառով բացակայել: Ընդ որում՝ նա ստացել է լիարժեք աշխատավարձ:

 

Սիցիլիայից բժիշկն աշխատանքի է տեղավորվել 2005 թվականին Կատանիայի հիվանդանոցներից մեկում: Միևնույն օրը նա սկսել է հաճախել համալսարանում անցկացվող դասընթացների: 2008 թվականի հոկտեմբերի 31-ին աշխատավայր վերադառնալուց հետո բժիշկը խնդրել է վճարովի արձակուրդ ընտանեկան հանգամանքների բերումով, որը տևել է մինչև 2009 թվականի մայիս:

 

Վերադառնալուց հետո նա այնուամենայնիվ աշխատել է հիվանդանոցում 15 օր, սակայն այնուհետև հիվանդության պատճառով արձակուրդ է վերցրել մինչև 2009 թվականի հուլիսը: Առողջանալով՝ սիցիլիացին սկսել է հաճախել համալսարանում ևս մեկ դասընթացի, որը տևել է մինչև այս տարվա հունիս: Այժմ նա մինչև 2016 թվականի դեկտեմբեր պատրաստվում է ստանալ դոկտորի աստիճան:

 

Սիցիլիացին կարծում է, որ իրեն անարդարացիորեն են մեղադրում աշխատանքից խուսափելու համար: Նրա խոսքով՝ երբ ինքը վերադառնա, իր գիտելիքները միայն օգուտ կբերեն հիվանդանոցին:

 

Չնայած բժշկի հայտարարություններին՝ այդ իրավիճակն Իտալիայում դիտարկվում է որպես հազարավոր իտալացի պետծառայողների անարդյունավետության օրինակ, որոնք օրենքում բացթողումներ են գտնում աշխատանքից խուսափելու համար: Տվյալ փաստի առթիվ երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել: