ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ «Իսլամական պետության» գրոհայինները Մեքսիկայի տարածքով կներթափանցեն երկիր
Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ակտիվ հետաքրքրություն են դրսևորում Մեքսիկայից ԱՄՆ մուտք գործելու հարցում, գրում է korrespondent.net-ը: Այդ մասին հայտնի է դարձել Տեխաս նահանգի իրավապահ մարմինների հայտարարությունից:
«Սոցցանցերում էջեր ունեցող ենթադրաբար «Իսլամական պետության» գրոհայիններն ու քարոզիչները որոշ սահմանային գործողությունների կոչ են արել և փորձել են տեղեկացնել, որ Մեքսիկայի միջոցով ԱՄՆ անօրինական մուտքը փաստացիորեն իրագործելի տարբերակ է»,- ասված է հայտարարության մեջ:
Տեխասի հասարակական անվտանգության վարչության եզրակացությունները հիմնված են Facebook և Twitter սոցիալական ցանցերում 32 հաղորդագրությունների հետազոտության վրա, որոնք արվել են օգոստոսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Դրանց հեղինակները կոչ են անում հատել ԱՄՆ-ի սահմանը Մեքսիկայից՝ ամերիկացիների դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար:
Որոշ հաղորդագրություններում անգամ նշվում է լրագրող Ջեյմս Օ'Կիֆի մասին, ով փորձի շրջանակում առանց խոչընդոտների հատել էր երկու երկրների սահմանն Ուսամա բեն Լադենի դիմակով:
Էջերի հեղինակների ինքնությունը, ովքեր ընդհանուր առմամբ տասնյակ հազարավոր հետևորդներ ունեն սոցցանցերում, Տեխասի անվտանգության մարմիններին պարզել չի հաջողվել, սակայն նրանք ենթադրում են, որ դրանք «Իսլամական պետության» գրոհայիններն օգտագործում են քարոզչական նպատակներով:










