Երեխայի զարգացման համար անհրաժեշտ է ողջ վիտամինային կազմը. Միլետա Արեստակեսյան
«Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի» փոխնախագահ, ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Միլետա Արեստակեսյանը մանկապարտեզներում երեխաներին տրվող սնունդը նորմալ է համարում: Tert.am-ի հետ զրույում նա ասաց, որ չնայած դրան` անհրաժեշտ է, որպեսզի քաղաքապետարանը համապատասխան առողջապահության մարմինների և դիետոլոգների կողմից ռացիոններ մշակի երեխաների համար, քանի որ երեխան օրվա մեծ մասը մանկապարտեզում է անցկացնում:
«Երեխայի զարգացման համար անհրաժեշտ է ողջ վիտամինային կազմը: Օրինակ` շատ ժամանակ չեն հասկանում և երեխաներին տալիս են մի կաթնամթերք, որի մեջ պալմայի յուղ է կիրառված, ինչը վերացնում է կալցիումը կաթնամթերքի մեջ, և ստացվում է, որ երեխան այդ կաթնամթերքը չստացավ»,-ասաց նա:
Միլետա Արեստակեսյանը նշեց, որ երեխաները հատկապես ուտում են այն, ինչ իրենց այնքան էլ օգտակար չէ: Իսկ ինչ վերաբերում է չուտող երեխաներին, ապա մեր զրուցակիցն ասաց, որ սննդում C վիտամինը ախորժակ է բացում: «Շատ կարևոր է, որ ծնողը հասկանա` ինչն է անվտանգ, և ինչը` վտանգավոր»,-ասաց նա:
Միլետա Արեստակեսյանն ասաց, որ կան բողոքներ, որ երեխային մանկապարտեզում որպես երրորդանգամյա սնունդ տալիս են հաց և վաֆլի: «Անիմաստ բաներ երբեմն անում են: Չի կարելի երեխային տալ` ինչ պատահի»,-ասաց նա:










