Այցելություն հուշահամալիր, պարգևատրումներ, տոնական միջոցառումներ, քայլերթեր. Արցախը պատրաստվում է անկախության 23-րդ տարեդարձին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեպտեմբերի 2-ին նշելու է անկախության 23-րդ տարեդարձը, որի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են։ Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը տեղեկացրեց, որ ավանդույթի համաձայն վաղ առավոտյան կայցելեն հուշահամալիր և ծաղկեպսակներ կդնեն զոհված ազատամարտիկների, զինվորների շիրիմներին, այնուհետև ԼՂ առաջին Նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին։
Ըստ Բաբայանի՝ Նախագահ Բակո Սահակյանի կողմից լինելու է նաև պարգևատրման արարողություն, որից հետո Արցախի շրջաններում և մայրաքաղաքում անցկացվելու են տոնական միջոցառումներ։
«Այս ամենը զուգակցելու է ամբողջ Արցախով մեկ, տարբեր տոնական միջոցառումներով, քայլերթերով։ Լինելու է նաև տոնական համերգ մայրաքաղաք Ստեփանակերտում»,-նշեց նա։
Դավիթ Բաբյանը նշեց, որ տոնական միջոցառումները դեռ սեպտեմբերի մեկից է մեկնարկելու. «Շուշի քաղաքում լինելու է օպերայի բեմադրություն, նաև տուն-թանգարանի բացում և այլն, և այլն»,-ասաց նա։
Արցախի անկախության տարեդարձին ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես հյուրեր սպասում են, բայց ոչ հրավերներով։ Ըստ նրա, հրավերները հոբելյանական ժամանակ է լինում, իսկ քանի որ այս տարի հոբելյանական չէ, ապա կգան նրանք, ովքեր միշտ գալիս են։ Դավիթ Բաբյանը տեղեկացրեց, որ սպասում են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
«Իհարկե կլինեն պաշտոնյաներ ու ընդհանրապես մարդիկ, ովքեր կգան առանց հրավերի, հատկապես որ մեծ ներդրում ունենալով Արցախի անկախության հարցում՝ ճիշտ չէ նրանց հրավիրել։ Կա բավականին մեծ մի շրջանակ, ովքեր ունենալով այդ ամենի անմիջական մասնակցություն, առանց հրավերի են գալիս»,-ասաց նա։
ԼՂՀ Նախագահի մամուլի խոսակը նաև խոսեց Արցախի անկախության ճանաչման գործընթացից՝ նշելով, որ այն կայուն ձևով ընդլայնվում է ճանաչած սուբյեկտների շարքերը։
«Մենք սկսել ենք ստորին մակարդակից, տեղական ինքնակառավարման մարմինների, այսինքն` քաղաքների ու համայնքների կողմից, այնուհետև արդեն միջին օղակին ենք հասել՝ նահանգներ, սուբյեկտներ և այլն և այնուհետև բարձրանում ենք վերին օղակը՝ պետություններ։ Հիմա կարելի է ասել, որ նախադրյալներ կան փորձելու պետությունների մակարդակով այդ գործընթացը շարունակելու, բայց մինչ այդ դեռևս պետք է էլ ավելի ընդլայնենք աշխարհագրությունը նահանգների, այսինքն՝ միջին օղակի մակարդակով ճանաչման գործընթացը, որը մեծապես կնպաստի վերին օղակում մեր հաջողություններին»,-ասաց նա։










