Սիերա Լեոնեի առողջապահության նախարարին ազատել են պաշտոնից Էբոլայի պատճառով

14:00 • 30.08.14

Սիերա Լեոնեի նախագահ Բայ Կորոման պաշտոնից ազատել է երկրի առողջապահության նախարար Մյատու Կարգբոյին: Պատճառը նրա գլխավորած գերատեսչության արձագանքն է եղել Էբոլա վիրուսի բռնկմանը, որը խլել է երկրի 400-ից ավելի բնակչի կյանք, գրում է korrespondent.net-ը:

 

Երկրի ղեկավարի հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ սխալների համար է նախարարը հեռացվել: Նոր նախարար կդառնա նրա տեղակալ դոկտոր Աբուբաքար Ֆոֆանախը:

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Արևմտյան Աֆրիկայում վիրուսի բռնկումն արդեն 1.552 մարդու կյանք է խլել:

 

Էբոլա համաճարակը բռնկվել է մի քանի երկրներում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում: Հիվանդության եզակի դեպքեր կամ կասկածներ են ֆիքսվել Արևմտյան Աֆրիկայից այլ երկրներ մեկնածների շրջանակներում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա: