Դպրոցում համազգեստ կրելն ավելի ճիշտ է. ոճաբան
Դպրոցում համազգեստի կրումն ավելի գրագետ է: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության ոճաբան Արամ Նիկոլյանը` ի պատասխան հարցի, թե դպրոցում համազգեստ կրե՞լն է ավելի ճիշտ, թե՞ սովորական հագուստը:
«Դպրոցում համազգեստն ավելի ճիշտ է և գրագետ, որովհետև համազգեստն ի ցույց չի դնում սոցիալական խավերի տարբերությունը դասարանում, որն ավելի շատ հոգեբանական խնդիր է: Կա մի գործոն ևս` եթե այնպես է ստացվում, որ աշակերտն ավելի թանկ է հագնված, քան ուսուցիչը, դա սխալ է: Համազգեստը հնարավորություն է տալիս ավելի առողջ միջավայրում անցկացնել դասաժամերը»,-ասաց Արամ Նիկոլյանը:
Նրա կարծիքով՝ մրցակցությունը հագուստի առումով սկսվում է ո'չ միայն ավագ դպրոցում, այլև` ցածր դասարաններից:
Հիշեցնենք, որ երկու օրից սեպտեմբերի մեկն է, և այդ օրը, ի տարբերություն ողջ ուսումնական տարվա, աշակերտները դպրոց են գնում համազգեստով կամ սև-սպիտակ հագուստով:










