«Զվարթնոց» օդանավակայանի հին կառույցի բազրիքի փլուզման պատառները կուսումնասիրվեն առաջիկա օրերին
Շաբաթներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքից քարեր թափվելուց հետո քաղաքաշինության նախարարությունը ձևավորեց ճարտարապետներից կազմված աշխատանքային խումբ, որն իր աշխատանքները կսկսի մի քանի օրից: Tert.am-ին հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն, ճարտարապետ-շինարար Գրիգոր Ազիզյանը:
Թեև բուն աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն ճարտարապետն ընդգծեց՝ պարզ է, որ պատճառը շինության նկատմամբ անփույթ վերաբերմունքն է:
«Ցնակցած բան, որ թողնում ես մնա ու չես շահագործում, չես խնամում, աստիճանաբար փչանում է, ջարդվում ու ընկնում: Դրա օրինակներից մեկն է, եթե հիշում եք, 7-8 տարի առաջ նմանատիպ փլուզում եղավ Հրազդան համալիրում, բայց հետո վերականգնեցին, և այն նույն կերպ շարունակվում է շահագործվել»,-ասաց նա:
Գրիգոր Ազիզյանը նաև տեղեկացրեց, որ «Զվարթնոցից» թափվել են ո'չ թե քարեր, այլ` բազրիք, ինչը համակարգը կրող էլեմենտ չէ, հետևաբար` սին են այն խոսակցությունները, թե շենքը փլուզման ենթակա է:
«Շենքին բան չի եղել, մի հատ բազրիք է փլվել, հիմա պետք է հասկանալ պատճառը, կարող է` բրդել-գցել են, կարող է` ինքն իրեն է ընկել, գուցե որևէ մեկը մեքենայով է հարվածել: Քանի դեռ ուսումնասիրությունները չեն սկսվել, ստույգ բան ասել չի լինի»,-ասաց նա:










