Քրեակատարողական հիմնարկների ներկա վիճակը բավարար չէ. փոխնախարար
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքներին համապատասխանող պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, թեև ՔԿՀ–ներում իրավիճակը բավարար գնահատել չի կարելի, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյան։
«Եթե վերցնեք խոշտանգումների արգելման և եվրոպական կոմիտեի զեկույցները և դրանք ենթարկեք պատմական վերլուծության, այսինքն՝ տեսնեք յուրաքանչյուր հաջորդ զեկույցը ինչպիսի թերություններ կամ առաջընթաց է արձանագրել, ակնհայտորեն կտեսնեք առաջընթացը»,- ասաց նա:
Հարցին, թե ներկա վիճակը բավարա՞ր եք համարում, Արտյոմ Գեղամյանը պատասխանեց. «Որպեսզի բավարար համարենք, մենք պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Հիմա տեղի են ունենում գործընթացներ, բարեփոխումներ, այսինքն՝ պատասխանն է՝ ո՛չ, և ոչ թե ես բավարար չեմ համարում, այլ ՀՀ կառավարությունը դա բավարար չի համարում, դրա համար էլ մենք իրականացնում ենք բարեփոխումներ»:
Դիտարկմանը, թե մի քանի տարի է՝ ինչ այդ բարեփոխումները ընթանում են, ե՞րբ կարող ենք հասնել արդյունքի, փոխնախարարը պատասխանեց. «Բարեփոխումները դրանք գործընթացներ են և ընդհանրապես պետական քաղաքականությունը դա գործընթաց է, և ոչ թե կայացած փաստ, այսինքն՝ մենք միշտ պետք է հետևողականորեն դնենք ավելի բարձր նպատակներ և իրականացնենք գործընթացներ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը, արդարադատության փոխնախարարն ասաց, թե այդ ուղղությամբ քայլեր արվում են և Արմավիրում կառուցվում է նոր քրեակատարողական հիմնարկ:
«Գերծանրաբեռնվածության խնդիրը հիմնականում և մեծամասամբ լուծված է»,- հավելեց նա:










