Գործադուլի պատճառով Գերմանիայում չի աշխատել գնացքների 90 տոկոսը
Գերմանիայում տասնյակ հազարավոր քաղաքացիների պլանները խախտել է երեք ժամ տևողությամբ նախազգուշական գործադուլը, որը սեպտեմբերի 1-ի երեկոյան անցկացրել են Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի մեքենավարները, գրում է Deutsche Welle-ն:
Հատկապես լայնորեն այդ ակցիան կազմակերպվել է Բեռլինում, Համբուրգում, Հանովերում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում:
Ընդհանուր առմամբ, երկրում չի աշխատել կամ ուշացումով է աշխատել բոլոր բեռնափոխադրող և ուղևորատար գնացքների 90 տոկոսը:
Արհմիությունները պահանջում են աշխատավարձի հինգ տոկոսի բարձրացում, աշխատանքային շաբաթվա կրճատում՝ 39-ից 37 ժամի, ինչպես նաև աշխատանքային գրաֆիկի բարելավում, ընդ որում՝ ոչ միայն մեքենավարների, այլև ուղեկցորդների համար:
Համաձայն գնահատականների՝ գործադուլի ավարտից հետո առնվազն մեկ օր դրա հետևանքները դեռ զգացվելու են:










