Աշակերտներին պարտադրել են կարմիր վզկապով դպրոց գնալ. ԿԳՆ պաշտոնյան հավատացնում է՝ զուգադիպություն է

18:19 • 02.09.14

Գյումրիի Ավստրիական թաղամասում գտնվող թիվ 40 դպրոցում երեխաներին պարտադրել են կարմիր վզկապներով ներկայանալ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը. Facebook-ի իր էջում այս մասին բարձրաձայնել է մշակութաբան-ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլ Մարգարյանը։

 

 

Tert.am-ը Շիրակի մարզի Կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանից փորձեց ճշտել, թե տեղի՞ն են անհանգստությունները, որ այս դպրոցում ցանկանում են կոմունիստական՝ պիոներական կարգերը վերադարձնել։ Կրթության բաժնի պետը հավատացրեց, որ դա եղել է պահանջ միայն սեպտեմբերի 1-ի համար՝ տոնական ատրիբուտ։


«Ես ի պաշտոնե տեղեկացված եմ, և 40 դպրոցի տնօրենից փորձել ենք ճշտել։ Պատասխանը ստացել ենք հետևյալը, որ դրանք վզկապներ չեն, այլ կարմիր և նարնջագույն ատրիբուտ են, թիթեռնիկի նման, երեխաները կապել են գեղեցկության համար։ Դա բոլորովին պարտադրանք չի եղել, որ ամեն օր դրանով պետք է գան»,-ասաց նա։


Գևորգ Ղումաշյանը նշեց, որ միգուցե զուգադիպել է, որ դրանք նաև կարմիր են եղել, և ըստ այդմ էլ ոմանք զուգահեռներ են տարել կոմունիստական պիոներական փողկապի կամ վզկապի հետ։

 

«Բայց վստահեցնում եմ, որ նման նպատակով չէ և երբևիցե էլ նման միտք չի էլ եղել տնօրենի մոտ»,-նշեց նա։