Հայաստանում նանոտեխնոլոգիան զարգացնելու նպատակով պիլոտային ծրագիր է իրականացվում

11:29 • 03.09.14

Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագիրը», որի շրջանակում այսօր տեղի ունեցավ սեմինար: Ծրագրի իրականացումը պետք է նպաստի նանոանվտանգության ոլորտի կադրերի պատրաստմանը Հայաստանում, ինչպես նաև քիմիական նյութերի կառավարման ոլորտում ազգային ներուժի ամրապնդմանը:


Ինչպես նշեց ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, Հայաստանը բարձր գիտական ներուժ ունի, և չի զարմանա, եթե նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը դառնա առաջատար երկիր: «Ուրախ եմ, որ Հայաստանն է այն երկիրը, որն ընտրվել է պիլոտային այս ծրագրի իրականացման համար»,- ասաց նա:


ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոլորտը Հայաստանում նոր է ու այս ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել, իսկ սեմինարը հնարավորություն է տալիս տեղի մասնագետներին արտերկրից ժամանած մասնագետների հետ շփման արդյունքում ոլորտի մասին պատկերացումները մեծացնել:


«Կան նանոնյութեր, որոնք անվտանգ են և կան, որ վտանգավոր են: Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե տվյալ առարկաները ինչպես կարող ենք օգտագործել, դրանց պահպանման եղանակները, նաև եղանակային կլիմայի հետ կապված նրանց պահպանման ժամկետը, որպեսզի կարողանանք պահպանել անվտանգությունը: Այսօր սեմինարը ինձ համար շատ հաճելի էր, շնորհակալ եմ կազմակերպիչներին, որոնք կկարողանան մեզ իրենց փորձն ու ուսումնասիրությունը ներկայացնել»,- ասաց նա: