Պրահան խզել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հետ կապերը՝ Պուտինի ագրեսիայի պատճառով
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային խորհուրդը երեքշաբթի որոշել է դադարեցնել գործընկերային հարաբերությունները Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ ռուսական քաղաքների հետ: Այդ մասին հայտարարել է Պրահայի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը, գրում է zn.ua-ն:
Գուդեչեկի խոսքով՝ Պուտինի ռեժիմի հարձակումը վտանգի տակ է դրել ոչ միայն Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլև ողջ Եվրոպայի անվտանգությունը: «Մենք ընկերներ ենք մնում ռուսների հետ, բայց մերժում ենք Կրեմլի իմպերիալիստական քաղաքականությունը»,- հայտարարել է նա:
Գուդեչեկը նաև կոչ է արել մյուս չեխական քաղաքներին պաշտպանել իր նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Պրահայի քաղաքապետարանի որոշումն «ինքնին չի կանգնեցնի ռուսական ագրեսիան»:
«Մենք, այնուամենայնիվ, հավատում ենք, որ մեզ կմիանան այլ քաղաքներ, և դա իսկապես կդառնա Ռուսաստանի քաղաքացիների համար ազդանշան, Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի հետ եվրոպական երկրների ապագա փոխգործակցությանը»,- ընդգծել է քաղաքապետը:










