Իսլամիստների կողմից գլխատված ամերիկացի լրագրողի ընտանիքը հաստատել է մահապատժի տեսանյութի իսկությունը
Ամերիկյան Time թերթի լրագրող Սթիվեն Սոթլոֆի ընտանիքը հաստատել է տեսանյութի իսկությունը, որտեղ լրագրողը մահապատժի է ենթարկվում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից, հայտնում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ իսլամիստ գրոհայինները երեքշաբթի «Երկրորդ ուղերձն Ամերիկային» տեսանյութ էին հրապարակել, որտեղ պատկերվում է գերեվարված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի գլխատումը:
Նշվում է, որ մոտ ժամանակներս լրագրողի հարազատները հրապարակային հայտարարություններ չեն անի: Ամերիկյան իշխանությունները դեռևս փորձում են ճշտել տեսանյութի իսկությունը:
Սթիվեն Սոթլոֆին գրոհայիններն առևանգել էին 2013 թվականի օգոստոսին սիրիական սահմանն անցնելիս: Ավելի վաղ իսլամիստները խոստացել էին սպանել նրան, եթե ԱՄՆ-ն դուրս չբերի զորքերն Իրաքից: Անցած շաբաթ Սոթլոֆի մայրը կոչ էր արել գրոհայիններին խղճալ իր որդուն և չսպանել նրան:
Սթիվեն Սոթլոֆը դարձել է վերջին շրջանում մահապատժի ենթարկված երկրորդ ամերիկացի լրագրողը: Օգոստոսի 19-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիիի մահապատիժը պատկերող տեսանյութ էր հրապարակել: Այժմ գրոհայինները սպառնում են սպանել բրիտանացի Դևիդ Հեյնսին:










