Թուխմանուկի հանքավայրի հարցում բնապահպանները մոլորեցնում են հանրությանը. Մեգո Գոլդ

16:57 • 05.09.14

ՄԵԳՈ ԳՈԼԴ ՍՊԸ–ն արձագանքել է Արագածոտնում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծի վերաբերյալ բնապահպանների մտահոգություններին։ Արձագանքը ներկայացնում ենք ստորև։

«Մեգո Գոլդ Ընկերության Թուխմանուկի, ինչպես նաև Հայաստանում այլ հանքավայրերի ներդրումային ծրագրերի զարգացմանը զուգընթաց, որտեղ արդեն ներդրվել է ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլար, երկար ժամանակ է, որ կազմավորվել է կեղծապատիր - բնապահպանների մի խումբ, ովքեր Ընկերության դեմ շարունակաբար և անամոթաբար տարածում են իրականության հետ աղերս չունեցող պնդումներ:


Ընկերությունը տեղեկացվել է, որ նույն կեղծապատիր-բնապահպանները 2014թ.-ի սեպտեմբերի 2-ին մամլո ասուլիս են տվել` առանց Ընկերությանը տեղեկացնելու կամ հրավիրելու` դրա ընթացքում Ընկերության դեմ շինծու պնդումները համեմելով մարդկային արժանապատվության դեմ անձնական և ցինիկ վիրավորանքներով:


Ընկերությունը մերժում է ասուլիսում արված բոլոր պնդումները, քանզի դրանք սուտ են, արված են դիտավորությամբ և շահադիտորեն:


Ասուլիսը հրավիրած նույն անձինք նախկինում պնդել են, թե Ընկերության գործունեության արդյունքում Թուխմանուկին հարակից Մելիքգյուղի համայնքում իբր «երեխաներ չեն ծնվում», «ծնելիությունը գրեթե զրոյական է»: Իրականում Մելիքգյուղում նույն ժամանակաընթացքում ծնվել էր 32 երեխա, իսկ գյուղում ծնելիության ցուցանիշը մոտ 1.7 անգամ գերազանցում էր Հայաստանում այդ ժամանակահատվածի ծնելիության ցուցանիշը:


Նույն այդ անձինք պնդել են, թե գյուղում իբր «բազմապատկվել են քաղծկեղային հիվանդությունները», երբ իրականում գյուղում քաղցկեղային հիվանդությունների ցուցանիշը մոտ 4 անգամ ցածր էր Հայաստանի միջին ցուցանիշից, իսկ հիվանդների տարիքը 75-ից բարձր էր: Նույն անձինք պնդել են, թե իբր «բազմապատիկ անգամ նվազել է հողի բերքատվությունը», «գյուղացիները բերք չեն ստանում», «համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս», երբ իրականում համայնքը ստացել էր գարու և կարտոֆիլի ռեկորդային բերք, իսկ առվույթի և այլ կուլտուրաների բերքատվությունը նույնպես միջինից բարձր էր:


Նույն անձինք պնդել են, թե համայնքում, իբր, «սահմանափակվել են անասնապահության համար անհրաժեշտ արոտավայրերը», երբ իրականում Ընկերության գործունեության ամբողջ տարածքը կազմում է համայնքի հողերի 2%-ից քիչ տարածք: Նույն անձինք պնդել են նաև, թե համայնքում իբր «բնապահպանական աղետ է», «խմելու ջուրն աղտոտված է», «խիստ վատթարացել է ոռոգվող ջրի որակը», սակայն իրականում շարունակաբար խուսափել են հիշատակել Ընկերության գործունեության և հարակից տարածքներում 8 տարի շարունակ` ամեն ամիս, անկախ փորձագետի կողմից իրականացրած բնապահպանական մշտադիտարկման արդյունքները՝ 23 տարրերի ներառմամբ, որոնք հասանելի են հանրորեն և որոնց համաձայն միանշանակ ժխտվում է տարածքում ամենաչնչին բնապահպանական խնդրի որևէ, նույնիսկ տեսական առկայության հնարավորություն: Նույն անձինք իրենց ստահոդ հրապարակումներին իրականի պատրանք տալու համար հաճախ տեղադրել են այլ հանքավայրերի կամ պոչամբարների լուսանկարներ` դրանք վերագրելով Ընկերությանը:


Վերը նշվածը, սակայն, ասուլիսը հրավիրած խմբի կողմից Ընկերության դեմ արված շինծու պնդումների չնչին մասն են միայն: Այդ անձինք ոչ միայն չեն հերքել նախկինում իրենց կողմից արված կեղծ պնդումները, այլ մինչ օրս հնչեցված շինծու պնդումների յուրօրինակ մրցավազքի արդյունքում գերազանցել են զեղծարարության հնարավոր բոլոր սահմանները:


Այսպես, բոլորովին վերջերս այդ նույն կեղծապատիր–բնապահպանների կողմից կազմակերպվել, համացանցով ու այլ միջոցներով տարածվել է «Բաց Նամակ Բնահապհանության Նախարարին» անվամբ մի փաստաթուղթ, որն իբր ստորագրվել էր համայնքի 20 անդամների կողմից` Ընկերության գործունեության դեմ: Նամակում ներառվել են ամպագոռգոռ, սակայն սին արտահայտություններ պետական մակարդակի խարդախության, կոռուպցիայի, համայնքի անդամների սահմանադրական իրավունքների համատարած խախտման, և այլ հրեշավոր արարքների վերաբերյալ` հընթացս գովերգելով կեղծաբան հեղինակների գործունեությունը: Պարզվել է, սակայն, որ նամակի տակ դրված 20 ստորագրություններից 11-ը պարզապես կեղծվել են, իսկ ստորագրողներից ևս 4-ը ընդհանրապես համայնքի անդամներ չեն: Այդ կեղծիքին զոհ դարձած համայնքի անդամներն արդեն տեղեկացրել են այդ մասին Ընկերությանը և Բնապահպանության Նախարարին:


Ասուլիսում այլ ստահոդ պնդումների հետ մեկտեղ նույն անձինք հայտարարել են, թե իբր «Թուխմանուկի 3-րդ պոչամբարը 5 անգամ մեծ է լինելու Մելիքգյուղից», իբր «շահագործումից կարճ ժամանակ անց գյուղը ստիպված պետք է տեղափոխել», իբր «փոչամբարը կառուցվում է մի հատվածում, որտեղ 3 գյուղ պետք է տեղափոխվի», և այլ` զառանցանքային պնդումներ: Փորձելով ստեղծել իրենց ստահոդ պնդումների հիմնավորության պատրանք, այդ անձինք տեսախցիկների առաջ թափահարել են փաստաթղթեր, բազմաթիվ մեջբերումներ անելով, նույնիսկ մատով ցույց են տվել պոչամբարի և Մելիքգյուղի տարածքների համեմատությունը:


Իրականում, սակայն, Ընկերության կողմից ներկայացված, և հանրորեն հասանելի փաստաթղթերի համաձայն` պոչամբարի տարածքը կազմում է ընդամենը 1,53 հեկտար, իսկ Մելիքգյուղի վարչական տարածքը` մոտ 2900 հեկտար է. այն է, պոչամբարի տարածքը ոչ թե 5 անգամ մեծ է Մելիքգյուղի տարածքից, այլ 1895 անգամ փոքր է նրանից: Վերը նշվել է արդեն, որ Ընկերության գործունեության ամբողջ տարածքը կազմում է Մելիքգյուղի հողերի ընդամենը 2%-ից պակաս տարածք, ուստի, ասուլիսում համայնքները տեղափոխելու վերաբերյալ խրոխտ պնդումներն ընդամենը սին են, բացահայտ սուտ, և արվել են հանրությանը խաբելու դիտավորությամբ: Ավելին, ասուլիսի ընթացքում արված մեջբերումները ոչ միայն գոյություն չունեն ոչ մի փաստաթղթում կամ այլ իրականությունում, այլև հակասում են պաշտոնապես ներկայացված և հանրորեն հասանելի նյութերին: Ակնհայտ է, որ ասուլիսը հրավիրածներն ընդամենը հանրության աչքերի առաջ կազմակերպել են բեմադրություն, իրենց իսկ արտահայտությամբ` «բթամիտի» տեղ դնելով բոլորին:

Ընկերությունը դատապարտում է այս անպատկառ աճպարարությունը: Հասարակական կազմակերպությունների պարտքն է իրազեկել հասարակությանը, այլ ոչ թե դիտավորյալ մոլորեցնել նրան: Հասարակության անունից շահադիտական նպատակներով խաբեությամբ զբաղվելը հեղինակազրկում է քաղաքացիական հասարակության իրական ինստիտուտներին: Այն ինչ հրամցվել է ասուլիսի ժամանակ ոչ միայն հարիր չէ պարկեշտության տարրական տեսանկյունից, այլև խայտառակություն է ցանկացած հայ մարդու համար, ով լծված է հայրենիքի հզորացմանը` իր ունակության առավելագույն չափով:


Ընկերությունը հայտարարում է, որ ասուլիսում հանդես եկած անձինք ընդամենը ստահակներ են, կեղծապատիր–բնապահպաններ: Նրանք մաս չեն կազմում քաղաքացիական հասարակությանը, այլ մաս են կազմում միջավայրային խնդիրների առաջացման պատճառներին և կոռուպցիոն դրսևորումներին մեր երկրում: Այդ անձինք հետապնդում են շահադիտական, և պարզ կոռուպցիոն նպատակներ: Եթե նշված անձանցից որևէ մեկը համաձայն չէ Ընկերության այս պնդումներին, ապա մենք կոչ ենք անում նրանց դատի տալ Ընկերությանը և պահանջել իրավական պատասխանատվության ենթարկել մեզ` հակառակն ապացուցելու համար:


Ընկերությունը, մինչդեռ, տեղեկացված է, որ ասուլիսը հրավիրած անձինք` այլոց հետ միասին հավաքագրվել, գործում, և հրահանգավորվում են Ընկերութան դեմ միջազգային և օտարերկրյա իրավական ատյաններում պարտություն կրած, և դրա արդյունքում կենցաղային անզուսպ վրեժխնդրությամբ տոգորված անձանց կողմից, որոնց նպատակն է հասարակությանը հրամցնել Ընկերության գործունեության վերաբերյալ առավելագույնս հնարավոր կեղծ և շինծու պնդումներ` հասարակությանը ծաղր ու ծանակի ենթարկելով հանդերձ: Ընկերությունը պատրաստ է բացահայտել վերոնշյալը հաստատող նյութեր, ցանկացած անհրաժեշտությամբ:


Ընկերությունն ափսոսում է, որ գտնվել են նման մեղմեխ անձինք, ովքեր սեփական շահից ելնելով չեն խորշում ժխտել հայ երեխաների ծնվելու իրականությունը, ծաղրում են հիվանդներին, փորձում են խլել հայ գյուղացու աշխատանքը և վաստակը, գողանում նրանց ապագայի հույսը, նույնիսկ նրա կարծիքը` կեղծելով նրա ստորագրությունը, և ծպիր զեղծագործությամբ խոչընդոտում հայրենիքում ապրելու և արարելու նրա իրավունքը»: