ՀՀԿ-ն փաթեթով կադրային փոփոխություններ չի անում. Վահրամ Բաղդասարյան

19:09 • 05.09.14

«Հանրապետական» կուսակցությունը նախօրոք չի որոշում, թե ինչ կադրային փոփոխություններ անի, և մենք փաթեթով կադրային փոփոխություններ չենք անում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի՝ նոր կադրային փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

 

«Անհրաժեշտություն լինի, նորից կանդրադառնանք կադրային փոփոխություններին, չի լինի, կաշխատենք, որովհետև սա գործընթաց է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ նոր կառավարություն է ձևավորվել, իսկ նոր կառավարության ձևավորման ընթացքում նոր պահանջներ ու խնդիրներ են առաջանում, և ըստ այդմ էլ՝ որոշվում է՝ ով որտեղ է ավելի պիտանի:

 

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Վահե Հակոբյանն ու նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, իսկ նախկին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

 

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նման փոփոխությունները սովորական գործընթաց են. «Համենայն դեպս՝ մենք կադրային ջարդ չենք կատարում, պարզապես նայում ենք, թե ով որտեղ ավելի լավ կզգա իրեն իր աշխատանքը կատարելիս»,-եզրափակեց Բաղդասարյանը: