Հայաստանի ներկայիս ներդրումը ISAF-ում ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներինը. Քեթրին Լիչ

21:43 • 05.09.14

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը դեսպանության բլոգում անդրադարձել է ՆԱՏՕ-ի` Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովին` բարձր գնահատելով Հայաստանի ներդրումը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում և կարևորելով Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը:

 

«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ այն երկրներից մեկն է, որ վերջին տասը տարում բացառիկ կերպով հավատարիմ է եղել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու պարտավորությանը: Հայաստանի ներկայիս ներդրումը ISAF-ում ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներինը, և միայն աննշան կերպով է զիջում Ֆրանսիայի ունեցած ներդրմանը: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է դեսպան Լիչը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի ամենաարժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

 

«Ձախողված պետությունների, տարածաշրջանային հակամարտությունների, ահաբեկչության և կիբեռհարձակումների անկայուն աշխարհում ավելի քան երբևէ կարևոր է համատեղ աշխատանքը` պաշտպանության և համագործակցության գործում: Մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և արժեվորում մեր համագործակցությունը»,- հավելել է դիվանագետը: