5-րդ գումարման ԱԺ-ի 5-րդ նստաշրջանը ռեկորդներ է սահմանել նախաձեռնողականության պակասի ու «շըփ-թըփ» ռեժիմի առումով

15:21 • 05.09.14

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում արձանագրվել է հետևյալ ամենատիպական միտումը՝ ԱԺ-ն օրենսդրական նախաձեռնությունների առումով իր դերը զիջում է կառավարությանը, քանի որ անցած նստաշրջանում ընդունված 143 օրենքներից միայն 7 է պատգամավորների հեղինակմամբ, 136-ը կառավարությանն է, և արտահերթ նստաշրջանների մի քանի օրերի ընթացքում ավելի շատ օրենքներ են ընդունվել, քան ամիսների ընթացքում:


Այս տվյալներն են հրապարակվել «Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներին վերաբերող զեկույցում, որը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և www.parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ, ինչն այսօր կայացած ասուլիսին գնահատվեց որպես ԱԺ-ի նախաձեռնողական պասիվություն և «շըփ-թըփ» ռեժիմով աշխատելու ռեկորդ:

 


Այսօր կայացած ասուլիսին ԱԺ-ի կողմից օրենսդրական նախաձեռնությունների պասիվությանն անդրադառնալով՝ «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նկատեց, որ սա նոր երևույթ չէ, բայց նոր է հարաբերակցությունը, քանի որ օրինակ նախորդ նստաշրջանում արձանագրվել է 87/13 հարաբերակցություն:


«Թեմատիկ առումով մենք ունենք ամփոփումներ, թե այդ օրենքները որ ոլորտներին են վերաբերում, և շատ մեծ խմբավորմամբ կարելի է ասել, որ գերակշիռ մասը պետաիրավական և սոցիալ-տնտեսական ոլորտներից են: Իհարկե, դժվար է ասել, թե պետաիրավականի շատ լուրջ ներկայությունն օրենսդրական համակարգում որքանո՞վ է որակական փոփոխություն ապահովել ոլորտում»,–ասաց նա:


Ասուլիսին ներկա էին նաև նույն կազմակերպության փորձագետ Գոռ Աբրահամյանը ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արամ Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը:


«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ներկայացնող Արամ Մանուկյանն օրենսդրական այս պասիվության մասին ասաց. «Այն, որ գործադիրն այս գործընթացում ունի 95% մասնաբաժին, միանշանակ գնահատական է, որ մեր մոտ օրենսդիրը գործադիրի կրունկի տակ է: Խորհրդարանական մեծամասնությունն ինքնուրույն չէ և բացարձակ մեծամասնությամբ, բացարձակ արժեքներով, բացարձակ թվերով ենթարկվում է գործադիրին: Սա լրջագույն գնահատական է, ինչպես նաև այն, որ նույն մեծամասնությունը անցկացրել է «շըփ-թըփ» ռեժիմով, որ պատգամավորները դրանք չհասցնեին կարդալ, գնահատական տալ, և սա ռեկորդ է իսկապես»:


Մյուս ամենաուշագրավ ցուցանիշը, որը ներկայացված է զեկույցում, արտահերթ և հերթական նստաշրջաններում ընդունված օրենքների հարաբերակցություն է։ Այս անգամ էլ, ըստ ծրագրի ղեկավարի, ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. օրենքների կեսից ավելին խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանների ժամանակ՝ 143 օրենքներից 77-ը ընդունվել է արտահերթ նստաշրջանների մի քանի օրերի ընթացքում, իսկ 66-ը՝ հինգ ամսվա ընթացքում:


Առաջին խմբում այն օրենքներն են, որոնք կառավարությունը համարել է անհետաձգելի:
Ըստ Լուսինե Վասիլյանի՝ արտահերթերի ընթացքում արձանագրվել են մի քանի այլ ռեկորդներ ևս: Մասնավորապես, երկու ծավալուն օրենսդրական փաթեթներ 3 ընթերցումներն անցել են 1 օրում: Սույն փաթեթներից մեկը «Կուտակին կենսաթոշակային օրենքին» վերաբերող, խիստ վիճահարույց և հանրությանը մեծապես հուզող վերջին օրենսդրական փոփոխությունն էր:


Զեկույցում ամփոփվել են 5-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի և ԱԺ խմբակցությունների գործունեության հիմնական ցուցանիշներն ու միտումները, ներկայացվել են գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունված և առավել մեծ հանրային հնչեղություն ստացած օրինագծերի դիտարկման արդյունքները՝ լրագրողական և փորձագիտական աշխատանքների համադրմամբ: