Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանցի գործարար Արթուր Վարժապետյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարար ու բարերար, «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նման հայրենանվեր գործունեությունը կարեւոր եւ պահանջված է մեր հանրապետության կյանքում:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ պետական մի շարք կառույցների եւ մի խումբ բազմազավակ ընտանիքների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










