Գիտական առումով աբսուրդ են այդ հետազոտությունները, հնարավոր չէ չափել մարդու երջանկությունը. հոգեբան

22:23 • 06.09.14

Այդ կարգի հետազոտությունները ես աբսուրդ եմ համարում մեթոդոլոգիական տեսանկյունից։ Այս մասին Tert.am-ին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով բրիտանական «Երեխաների հասարակություն» (The Children's Society) բարեգործական կազմակերպության վերջին ուսումնասիրությանը, ըստ որի՝ Հայաստանի երեխաներն աշխարհում ամենաերջանիկներից են։

 

«Սարսափելի դժվար է որոշել, թե որ ազգի երեխաներն են ավելի երջանիկ։ Ընդհանրապես, եթե արտակարգ իրավիճակներում չեն հայտնվում, երեխաներն իրենց երջանիկ են զգում։ Գիտական առումով աբսուրդ են այդ հետազոտությունները, հնարավոր չէ չափել մարդու երջանկությունը»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է երեխաների նկատմամբ հայ ընտանիքների վերաբերմունքի առանձնահատկություններին՝ Սամվել Խուդոյանն ասաց.«Մենք շատ հոգատար ենք երեխաների նկատմամբ: Երբեմն երեխաների գերխնամքը մեզանում չափազանցված է»։


Հոգեբանը նշեց, որ ծնողները երեխաներին հոգեբանի մոտ են տանում հատկապես կապրիզների, չենթարկվելու, ծնողներին վիրավորելու, դեռահասության տարիքում՝ տնից փախչելու, ալկոհոլ օգտագործելու պատճառներով։