ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են զորքերի շփման գիծը հատած Ադրբեջանի քաղաքացու հետ

20:15 • 06.09.14

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են սեպտեմբերի 5-ի երեկոյան Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը հատած Ադրբեջանի քաղաքացու հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:

 

«Ես հաստատում եմ այդ (որ Կարմիր խաչի միջազգային կոմիետի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի գերու հետ) տեղեկատվությունը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը` հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալուց:

 

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

 

Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն՝ հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին: