Զարմանում եմ, որ զարմանում են. Ա. Ահարոնյանը Ոստիկանության առաջարկած վարքականոնների մեկնաբանությունների մասին

11:36 • 06.09.14

Բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, քրեագետներն ու հոգեբանները քաղաքացիների անվտանգության նկատառումներով հասարակական վայրերում որոշակի ճիշտ վարքականոններ են մշակում, որոնք ներկայացվում են հանրությանը՝ մասնագիտական խորհուրդների ձևով:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով սոցիալական ցանցերում ու մամուլով արտահայտվող այն տարակուսանքը, թե ինչու է Ոստիկանությունը օրերս նման խորհուրդներ պարունակող նյութ զետեղել իր պաշտոնական կայքում:

 

«Անկեղծ ասած, զարմանում եմ որոշ մարդկանց զարմանքի վրա, որովհետև դրանք հոգեբանների, այլ մասնագետների հետ համատեղ մշակված չսահմանափակող, ոչ պարտադիր խորհուրդներ են: Ու նման թեման դարձնել զավեշտի թեմա, կրկնում եմ, զարմանալի է »,- ասաց Աշոտ Ահարոնյանը:


Հիշեցնենք, որ այդ խորհուրդների թվում կան նաև հետևյալները. «Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները և չի գայթակղի հնարավոր մոլագարներին», կամ՝ «Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաև` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ»։


Ի պատասխան հարցի, որ զարմանալի են խորհուրդներն այդ մասով, Աշոտ Ահարոնյանը նկատեց, որ դրանք վերաբերում են ՀՀ քաղաքացիների վրա հնարավոր բռնությունների կոնկրետ դեպքերին՝ ու ավելացրեց. «Այսինքն՝ այնպիսի հագուստ կրել, որ չերևա շղթան, կամ խոսքը վեաբերում է մութ փողոցով միայնակ չքայլելուն: Եբ նպատակը այն է, որ քաղաքացիները պաշտպանված լինեն»;