Մոսկվայում ձերբակալվել է էքստրասենսների մի խումբ, որը կողպտել է հաճախորդներին՝ 150 մլն. ռուբլի գրպանելով

00:21 • 06.09.14

Մոսկվայում 13 օրինախախտ քաղաքացի է ձերբակալվել, ովքեր ավելի քան 300 մարդու են խաբել՝ շուրջ 150 մլն. ռուբլու վնաս պատճառելով նրանց: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Interfax.com-ին:

«Սեպտեմբերի 4-ին և 5-ին Մոսկվայի Տվերի դատարանը բավարարել է քաղաքային ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչի միջնորդությունն ընդդեմ նախկինում խարդախության կասկածանքով ձերբակալված կեղծ էքստրասենսների: Նրանցից 13-ը կալանավորվել են, իսկ 6-ի հանդեպ տնային կալանք է սահմանվել»,- նշել է դատարանի մամլո ծառայության աշխատակիցը:


Ինչպես նշում է աղբյուրը՝ չարագործները գործել են Հոգեբանության և ճակատագրի ուղղման միջազգային կենտրոնի անունից՝ առաջարկելով չար աչքի հեռացման ծառայություններ: Նրանց դեմ դատական գործ է հարուցվել: