Կանխատեսումները, որ ՀՀ-ն ԵՏՄ չի մտնի, հիշեցնում է մեկ այլ կանխատեսում՝ եվրաինտեգրացումը այլընտրանք չունի. ռուս քաղաքագետ
Որոշ փորձագիտական շրջանակների կանխատեսումները, թե Հայաստանը չի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովին հիշեցնում են այն կանխատեսումները, թե Հայաստանի եվրաինտեգրացումն այլընտրանք չունի:
Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպես կգնահատի «սեպտեմբերի 3»-ից անցած մեկ տարին այն խոսակցությունների համատեքստում, որ այն Հայաստանին ոչինչ չտվեց, բացի ԵՄ-ի հետ ասոցացումից հետ պահելուց, Ալեքսանդր Կռիլովը հայտարարեց. «Մեկ տարի առաջ բազմաթիվ քաղաքագիտական շրջանակներ հայտարարում էին, որ Հայաստանն արդեն վերջնական ընտրություն է կատարել դեպի ԵՄ և ԱՄՆ, և որ Ռուսաստանին մնում է միայն այդ փաստի հետ համակերպվել: Պարզվեց՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ու ոչ այն պատճառով, որ Կրեմլն իր նենգ գործողություններով վիժեցրեց «եվրոպական դրախտի» օգտին Հայաստանի ընտրությունը, այլ որովհետև ընտրությունն ինքնին օբյեկտիվորեն բարդ է»:
Ալեքսանդր Կռիլովը նշեց, որ մի կողմում եվրոպական երազանքն է՝ հույսով, որ «Արևմուտքը կօգնի» և կլուծի Հայաստանի բոլոր խնդիրները, մյուս կողմում՝ Հայաստանի իրական աշխարհագրական դիրքը՝ իր բարդ հարևաններով ու տնտեսական-սոցիալական խնդիրներով:
«Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր կատարել ընտրություն: Հնարավոր է՝ այս ընտրության հարցում դեր ունեցավ հարևան Վրաստանի փորձը, որի դեպի ԱՄՆ, ՆԱՏՕ, ԵՄ ուղղվածությունը չհանգեցրեց Վրաստանի բնակչության համար խոստացված համընդհանուր բարգավաճմանը: Ավելին՝ այս ընտրությունը էլ ավելի խորացրեց առկա հին կնճիռները, և հիմա Վրաստանի նոր ղեկավարությունը շատ մեծ դժվարությամբ փորձում է վերադառնալ ռուսաստանյան շուկա, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու մեր երկրների՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում իրարամերժ դիրքորոշումներին»,–ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ ո՛չ Թուրքիան , ո՛չ Եվրոպան ու ԱՄՆ-ն Վրաստանի համար չդարձան ռուսաստանյան շուկայի այլընտրանքը, քանի որ իրենք դեռ մի բան էլ ավելի արտադրում են այն ամենը, ինչ նրանց կարող է առաջարկել Ռուսաստանը:
Ըստ ռուս քաղաքագետի՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա սուր ճգնաժամի պայմաններում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ՝ դեպի Ռուսաստան իրենց ապրանքատեսակների առաքումների ծավալներն ավելացնելու համար: Ըստ նրա, եթե վերջերս ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանն օրինակ այս հարցում լրացուցիչ դժվարություններ կունենա, ապա Հայաստանն ու Ադրբեջանը նմանատիպ խնդիրներ չունեն: Ամփոփելով՝ քաղաքագետն ասաց. «Եվ կարող եմ ասել, որ ԵՏՄ մտնել-չմտնելու հետ կապված փորձագիտական որոշ շրջանակների կանխատեսումներն ինձ հիշեցնում են մեկ տարի վաղեմության նույնաբնույթ կանխատեսումները, որ Հայաստանի Արևմուտք գնալն «այլընտրանք չունի»:
Ալեքսանդր Կռիլովը նաև հիշեցրեց, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում՝ Վիկտոր Յանուկովիչի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո և կարծիք հայտնեց, որ Հայաստանի պարագայում շատ բան կախված կլինի ոչ միայն իշխանությունների դիրքորոշումից, այլև հայաստանյան հասարակության մեջ եվրասիական ընտրության ընդունման-չընդունման աստիճանից, ինչպես նաև՝ այս ընտրության գաղափարախոսական ընդդիմադիրների ակտիվությունից:
«Բնական է իրենց նպատակներին հասնելու համար «մայդանային», «թահրիրային» և այլ սցենարներ օգտագործող քաղաքական ուժերի ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ներգրավվածությունը»,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով՝ ԵՏՄ-ի ճանապարհին Հայաստանի իշխանությունները ստիպված են լինել ոչ միայն լուծել այս ինտեգրացիոն միավորում մտնելու հարցը, այլև այդ ընտրությունը ընդունելի դարձնել երկրի քաղաքացիների մեծամասնության համար:
Tert.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը նաև հայտարարեց , որ հայ–ադրբեջանական պատերազմ օգոստոսյան դեպքերին ֆոնին չվերսկսվեց, որովհետև Հայաստանը Ռուսաստանի անվտանգության բավարար վստահելի և ամուր երաշխիքներ ունի: Ըստ քաղաքագետի՝ դրանք են, որ Ադրբեջանին չեն թողնում հույսը դնել հարցի ուժային լուծման վրա և ապահովում են հակամարտությանը Թուրքիայի չներքաշվելը:










