ՆԱՏՕ-ի 3 անդամ երկիր հերքել են Ուկրաինա զենք մատակարարելու մասին հայտարարությունը

23:43 • 07.09.14

ԱՄՆ-ում, Իտալիայում և Լեհաստանում հերքել են Ուկրաինային սպառազինում տրամադրելու մտադրությունը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն: Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը` Reuters-ին հղումով, համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել վերոնշյալ երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները:

 

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իտալիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների հետ միասին Ուկրաինայի համար ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթ է պատրաստում, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու սաղավարտները», - նշել է Իտալիայի ՊՆ ներկայացուցիչը: Նման հայտարարությամբ են հանդես եկել նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը` նշելով, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի խոսվել Ուկրաինա սպառազինում մատակարարելու մասին:


ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ դաշինքը զենք չի մատակարարի Ուկրաինային, որը դաշինքի անդամ երկիր չէ, սակայն առանձին անդամ պետությունները կարող են դա անել: