Լոնդոնը Շոտլանդիային անկախությանն այլընտրանք է առաջարկել
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորն առաջարկել է Շոտլանդիային մեծ ինքնավարություն տրամադրել, եթե հանրաքվեի արդյունքներով այն մնա Միացյալ Թագավորության կազմում, գրում է lenta.ru-ն: Նախարարը խոստացել է կոնկրետ ծրագիր ներկայացնել, որը կապահովի Շոտլանդիայի նոր լիազորությունները:
«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում դուք կտեսնեք գործողությունների ծրագիրը, որն ավելի լիազորություններ է տրամադրում Շոտլանդիային»,- պատմել է Օսբորնը: Մասնավորապես, փոփոխությունները կանդրադառնան հարկատվության և սոցիալական ապահովության ոլորտին:
Ավելի վաղ Օսբորնը հանդես է եկել Մեծ Բրիտանիայից առանձնանալու դեպքում որպես Շոտլանդիայի ազգային արժույթ ֆունտ սթերլինգի պահպանման դեմ: Նախարարությունում նաև նշել են, որ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու հետևանքով Շոտլանդիայից զանգվածային կերպով կհեռանան ֆինանսական ընկերությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հասարակական կարծիքի հարցման տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայից անկախության աջակիցների թիվը գերազանցել է այդ գաղափարի ընդդիմադիրների թվին:
Շոտլանդիայի անկախության մասին հարցով հանրաքվեն կայանալու է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին:










