Սկանդալ Ավստրիայի և Ադրբեջանի միջև. լրագրողին թույլ չեն տվել մտնել Բաքու
Ավստրիացի լրագրող Յուտա Բաուերին, ով ուղեկցում է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին Հարավային Կովկաս այցի շրջանակում, Ադրբեջանի վիզա չեն տրամադրել, գրում է haqqin.az-ը: Die Presse թերթի լրագրողը կարողացել է ստանալ միայն Հայաստանի և Վրաստանի վիզա: Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է վիզա տրամադրել:
Իր գործողություններն ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, որ լրագրողը գտնվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»՝ «օկուպացված տարածքներ այցի համար»: Բաուերի գործընկերները դեսպանատան մերժումը կապում են նաև նրա հետ, որ լրագրողը զայրացրել է ադրբեջանական իշխանություններին Ադրբեջանի նկատմամբ իր քննադատությամբ:
Austrian Press Agence-ի տեղեկություններով՝ խնդիրը չի հաջողվել լուծել անգամ Ավստրիայի պետքարտուղարի միջամտությունից հետո:
Միևնույն ժամանակ ավստրիական ԶԼՄ-ները գրում են, որ Սեբաստիան Կուրցը կբարձրացնի այդ հարցը Բաքվում Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված խնդիրների կոնտեքստում:
Ինքը՝ Յուտա Բաուերը, չի թաքցնում այն փաստը, որ 2011 թվականին այցելել է Հայաստան, որտեղից այնուհետ ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ: Ավստրիական ԶԼՄ-ներում կարելի է նաև գտնել նրա ռեպորտաժն այդ այցի շուրջ:










