Կոտայքում ոստիկանն ու իր համագյուղացին վիճել են ու միմյանց մարմնական վնասվածք հասցրել. ՀՔԾ
2014–ի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, հաջորդ օրը Նարեկ Պ.-ն ձերբակալվել է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Պետրոս Կ.-ն էլ իր հերթին է հարվածել Նարեկ Պ.-ին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:










