Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ամսաթիվը հստակեցվում է. Մամեդյարով
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ամսաթիվն ու ծրագիրը հստակեցվում են: Այդ մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցը կկատարեն տարածաշրջան, իսկ այնուհետ Նյու Յորքում կանցկացվի երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասել է նա:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հաջորդ անգամ նախագահները հանդիպելու են Ֆրանսիայում։ Դա, ըստ նրա, տեղի կունենա հոկտեմբերի վերջին, սակայն ամսաթիվ նա չէր նշել:










