Առանց Սահմանադրությանը դիպչելու էլ կարելի է փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում. փորձագետ
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և արձագանքելով այդ բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքին, թե կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը ենթադրում է նաև անցում համամասնական ընտրական համակարգին, ասաց, թե առանց Սահմանադրությանը դիպչելու էլ կարելի է փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում:
«Եթե այս ընտրական օրենսգիրքը չի աշխատում, ի՞նչ է, սահմանադրական փոփոխություններից հետո կաշխատի՞: Որտե՞ղ է այն երաշխիքը, որ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ չեն լինելու»,-ասաց Արմեն Բադալյանը՝ նշելով, թե այդ իսկ պատճառով զրո նշանակություն ունի Հայաստանի բնակչության համար՝ կլինի համամասնական, թե՞ մեծամասնական ընտրակարգ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի խնդիրները Սահմանադրության բովանդակության մեջ չեն. Մասնավորապես՝ ընտրությունների կեղծումը, դատաիրավական համակարգի բացակայությունը, տնտեսական մենաշնորհները և այլն: Այդ երևույթները և խնդիրները կարելի է վերացնել գործող Սահմանադրության պայմաններում, իսկ եթե նպատակ չկա դրանք վերացնելու, ապա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե կառավարաման ինչ համակարգ կլինի՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն, թե՞ միապետական, որովհետև դա ինքնանպատակ չպետք է լինի: Չկա որևէ հարց, որը լուծելի չլինի նույնիսկ՝ այս Սահմանադրության շրջանակներում»,-ասաց Արմեն Բադալյանը:










