Կոշտ մրցակցության պարագայում միջազգային լեզվի սերտիֆիկատը տալիս է առավելություն. Լիլի Մարենցի
Cambridge ESOL քննությունները հնարավորություն են ընձեռում տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել միջազգային լեզվի որակավորում: Այս մասին հայտարարվեց Քեմբրիջի համալսարանի ESOL քննությունների Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ESOLARM ընկերության և ICLT – Լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին մասնակցում էին Մոսկվայում Cambridge համալսարանի ստորաբաժանման պաշտոնական գրասենյակի զարգացման աջակցության բաժնի ղեկավար Լիլի Մարենցին, ICLT–Լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն Լուսինե Շահնազարյանը, ESOLARM թեստավորման և վերապատրաստման կենտրոնի ներկայացուցիչ Տաթև Սարգսյանը:
Լիլի Մարենցին իր խոսքում անդրադարձավ Քեմբրիջի համալսարանի ESOL քննությունների կարևորությանը և նշեց, որ կոշտ մրցակցության պարագայում միջազգային լեզվի սերտիֆիկատը տալիս է առավելություն: «Քեմբրիջյան քննություններն ամենատարածված են աշխարհում և աշխատանքի գնահատման ամենաօբյեկտիվ միջոցն են»,-ասաց Լիլի Մարենցին:
Նա նշեց, որ Քեմբրիջի սերտիֆիկատները մեծ ճանաչում ունեն միջազգային հանրությունում: «Քեմբրիջի սերտիֆիկատը տալիս է լեզվի իմացության անկախ և օբյեկտիվ գնահատական, և վստահությունը դրա նկատմամբ շատ մեծ է: Քեմբրիջի սերտիֆիկատը ճանապարհ է դեպի նոր իրականություն»,- ասաց Լիլի Մարենցին:
ICLT Լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն Լուսինե Շահնազարյանը նկատեց, որ հայ ծնողի համար շատ կարևոր է երեխաների կրթությունը և նշեց, որ հայ երիտասարդության ընդհանուր զարգացվածության աստիճանը ծնողների շնորհիվ բարձր է:
Նա հայտնեց, որ Քեմբրիջի համալսարաների քննությունների առավելությունն այն է, որ չեն կենտրոնանում հմտությունների զարգացման վրա, այլ լեզվի գիտելիքների զարգացումն է կարևորվում և այդ սերտիֆիկատներն անժամկետ են:
«Դեռ պետք է աշխատենք, որ Հայաստանում Քեմբրիջի քննությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելի զարգանա»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում որակավորում ստանալու համար դիմողներ, թեև կան, սակայն ավելի քիչ են տարածաշրջանի այլ երկրների համեմատ, քանի որ շատ երկրներում համագործակցությունը պետական մակարդակով է արվում: «Այստեղ անձնական բնույթ է կրում հետաքրքրվածությունը»,-հավելեց նա:










