Մարզահամերգայինը ՊՆ-ին է տրվել, որպեսզի դրանից ստացված գումարներն ուղղվեն երկրի պաշտպանունակության բարձրացմանը. Դ. Հարությունյան

18:13 • 10.09.14

ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ թեև ինքը դեմ չէ, որ Մարզահամերգային համալիրը լինի պետության տնօրինության տակ, սակայն իր համար անհասկանալի է, թե ինչու այն փոխանցվեց պաշտպանության, ոչ թե մշակույթի կամ սպորտի նախարարությանը։
«Արդյո՞ք ավելի քիչ եք վստահում մշակույթի կամ սպորտի հարցերով նախարարություններին»,-հարցրեց նա։

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ քիչ վստահելու խնդիր չկա։ «Իրականում ՊՆ-ն չէ և, ընդհանրապես, մեր կարծիքով՝ որևէ պետական կառույց չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը, պետք է լինի ձեռնարկատիրական գործունեություն: Այդ շենքը ոչ բարվոք վիճակում էր, և ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ մասամբ վերականգնվեց շենքի շքեղությունը»,- ասաց նա:


Հարությունյանի խոսքով` շենքը փոխանցվել է ՊՆ հաշվեկշռին, քանի որ դրանից ստացված գումարներն ուղղվելու են երկրի պաշտպանունակության բարձրացմանը: